ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԴԵՐ ԽԱՂԱՑ ՇՈՒՇԻԻ ԱՆԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ. ՓԱՇԻՆՅԱՆ
44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարությունը Հայաստանի վարչապետն առաջին անգամ ստորագրել է ոչ թե նոյեմբերի 9-ի երեկոյան, այլ առավոտյան: Նիկոլ Փաշինյանն այս մասին նշեց պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում: Պատգամավորներին, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին և փորձագետներին վարչապետը հայտնեց՝ իր ստորագրած տեքստում խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, յոթ շրջանների վերադարձի և Լաչինի միջանցքում ու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին: Ադրբեջանի նախագահը, սակայն, հրաժարվել է ստորագրել այն՝ առաջ քաշելով նոր պայմաններ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Երբ ՌԴ նախագահը հայտնեց, որ Ադրբեջանն առաջարկում է ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իր մերժումից որոշ ժամանակ անց փաստաթղթից Տավուշի վերաբերյալ կետերը հանվել են:
Նիկոլ Փաշինյան - Ի վերջո, բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որը, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ: Պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում, կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ ԱԹՍ-ների մասին Ստեփանակերտի երկնքում, ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որն ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր Մեղրիի միջանցքի ու Տավուշի անկլավների վերադարձից:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման համար, վարչապետի խոսքով, շրջադարձային է եղել հատկապես Շուշիի անկումը:
Նիկոլ Փաշինյան - Էականն այստեղ ոչ միայն Շուշիի խորհրդանշական արժեքն է, այլև ռազմավարական: Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա՝ Լեռնային Ղարաբաղի, և, որ ամենակարևորն է, մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ:
Վարչապետը հայտնեց՝ եռակողմ հայտարարությունը պատերազմը դադարեցնելու 5-րդ փորձն էր, իսկ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Փաշինյանի խոսքով՝ քննարկված առանց նախապայմանների հրադադարին, սակայն Ադրբեջանի նախագահը չի համաձայնել և նախապայմաններ է առաջ քաշել:
«Ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել՝ ոռոգման նպատակով: Բացի դրանից՝ Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել: Ընդ որում՝ այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման, պարտավորություն չպիտի լիներ»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետը:
Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել են, որ հրադադարը պետք է հաստատվի առանց դրանց: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ եթե նույնիսկ համաձայնի զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը:
Նիկոլ Փաշինյան - Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն, Ասկերովի և Գուլիևի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ, իր հերթին, քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել հայկական կողմին: Ֆիզուլին առանց մարտի հանձնելու և Արաքսի ափով նահանջելու պայմանն ընդունելի չէ: Զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադար հաստատելու առաջարկը լիարժեք ընդունելի է:
7 ՇՐՋԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁ «5+2» ՁԵՎԱՉԱՓՈՎ. ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Փաշինյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 9-ին, 18-ին և 26-ին հրադադար հաստատելու ջանքերը ևս չեն հաջողել: Վարչապետը հայտնեց՝ հոկտեմբերի 19-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել դադարեցնել պատերազմը:
Նիկոլ Փաշինյան - Իսկ պայմանը հետևյալն է՝ 7 շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով: Լուծվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապի հարցը: Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ: Ղարաբաղի կարգավիճակը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագային: ՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ես մինչև երեկո մեր դիրքորոշումը կարտահայտեմ: Ցերեկը նախ հրավիրեցի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, ավելի ուշ անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցի՝ հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ ասացի, որ պատրաստվում եմ զանգահարել ՌԴ նախագահին և ասել, որ ընդունում եմ առաջարկվող տարբերակը: Ընդ որում՝ ինչպես ասել եմ, չէի ակնկալում, որ որևէ մեկը հրավիրված անձանցից ինձ հետ կիսեր այդ որոշման պատասխանատվությունը:
Հայաստանի վարչապետը նույն օրը երեկոյան զանգահարել ու ասել է, որ պատրաստ է նման պայմաններով պատերազմը դադարեցնելուն, Ռուսաստանի նախագահն էլ խոստացել է խոսել Ադրբեջանի նախագահի հետ:
Նիկոլ Փաշինյան - Այդ պահին խնդրո առարկա հինգ շրջաններից երկուսը՝ Ֆիզուլի և Ջաբրայիլ, գործնականում ամբողջությամբ կամ մեծ մասամբ, արդեն գտնվում էր Ադրբեջանի հսկողության տակ: Ռուսաստանի նախագահը զանգահարեց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, և, ըստ էության, փոխանցեց հետևյալը՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները կամ, ավելի ճիշտ, մնացյալ հինգ շրջանները, քանի որ երկուսը՝ Ֆիզուլին ու Ջաբրայիլը, արդեն իսկ մեծամասնությամբ գտնվում են նրանց վերահսկողության ներքո:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՇՈՒՇԻ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՀԱՆՋԸ
Հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ ադրբեջանական կողմն ունի ևս մեկ պայման՝ ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան Շուշի:
Նիկոլ Փաշինյան - Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել դեռ երկար տարիներ առաջ, միշտ էլ ներառվել է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Սա է պատճառը, որ նոյեմբերի 9-ից հետո ԱԺ ամբիոնից հայտարարեցի, թե Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել, որովհետև, եթե ասվում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ, կարիք կա՞ պարզաբանելու, որ պետք է վերադառնան այն բնակավայրերը, որոնցում նրանք ապրել են նախկինում:
Հայաստանի վարչապետը նկատեց՝ իրեն մեղադրում են, որ եթե համաձայներ, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո և, թեկուզ ադրբեջանցիներով բնակցեված, կլիներ հայկական: Փաշինյանը նշեց՝ իրենից պահանջել են հայտարարել, որ համաձայն է ադրբեջանցի փաստականների վերադարձին Շուշի և Լեռնային Ղարաբաղի մյուս բնակավայրեր:
Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանի նախագահն առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի ԼՂ կարգավիճակի հետ, այսինքն՝ ԼՂԻՄ ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցի համատեքստում, դրա վերաբերյալ ենթադրյալ որոշման հետ միաժամանակ: Ես այդ ձևակերպմանը համաձայնեցի, բայց ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, մերժել էր դա՝ ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէ քննարկել: Ավելին՝ այդ պահին արվող առաջարկի համաձայն՝ ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ և անարգել հասանելիություն ունենային դեպի Շուշի: Ասենք, օրինակ, 50 հազար ադրբեջանցի կարող է հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ, թե ինչքան ադրբեջանցու, և այստեղ որևէ սահմանափակում չի կարող լինել, ընդհուպ՝ կարող են գնալ և մնալ: Բայց ամենակարևոր հարցը՝ ինչպես է ապահովվելու նրանց տեղաշարժը: Պարզվեց, որ, օրինակ, Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պիտի կառուցվի, որ ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որևէ այլ գոյություն ունեցող ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չունենան: Այդ ճանապարհը կարող է լինել, օրինակ, Կուբաթլիով: Այսինքն՝ ըստ Ադրբեջանի այդ պահի առաջարկի՝ Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն, ըստ էության առանց հետագա ավելացման սահմանափակման կամ վերահսկման, նրանք պիտի Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ այնտեղ կարող են լինել նաև ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը, առանց չափազանցության, Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ՄԵՂՐԻՈՒՄ
Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ հոկտեմբերի 19-ին հնչել է մեկ այլ գաղափար ևս: Ըստ դրա՝ խաղաղապահներ պետք է տեղակայվեին ոչ միայն Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքի երկայնքով, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ:
Նիկոլ Փաշինյան - Ես չհամաձայնեցի նաև դրան: Չհամաձայնեցի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ: Այսինքն՝ իմ դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է, որ ես կարծում եմ, որ, այո, ճանապարհները պետք է բացվեն, այո, Ադրբեջանի արևմտյան շրջանները պիտի Նախիջևանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցք, և դա պետք է լինի ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո: Նման պայմաններին ես չէի կարող համաձայնել, որքան էլ հասկանում էի իրադրության ծանրությունը: Հիմա, երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնել:
ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ ԷՐ ՇՈՒՇԻՆ. ՎԱՐՉԱՊԵՏ
Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ բանակի առաջ խնդիր էր դրել դադարեցնել Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ առաջխաղացումը: Ըստ նրա՝ առաջնագծի 90 տոկոսում հայկական զորքերը դիմակայում էին գրոհները, սակայն խնդիր կար Ջրականի հատվածում, որտեղ դեռ հոկտեմբերի 4-ին հակառակորդը ճեղել էր պաշտպանությունը:
«Ինչքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում: Մյուս կողմից՝ քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նպատակ և մոտիվացիա: Մյուս կողմից էլ՝ վերը նշված բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին է: Կրկին՝ ոչ միայն խորհրդանշական իմաստով, այլև, որովհետև Շուշին վերցնելով՝ ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանում գրոհելու Ստեփանակերտը և արդեն ոչ միայն ճակատից, այլև թիկունքից գրոհելու երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վերցերորդ, յոթերորդ ՊՇ-ները ՊԲ-ի, ինչպես նաև Հաթերք, Սոթք հատվածը»,- տեղեկացրել է վարչապետը:
Հայաստանի վարչապետը հանձնարարել է ամրացնել Շուշին և կազմակերպել քաղաքի պաշտպանությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ ստեղծվել է տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է, լուր է եկել, թե ադրբեջանցիների մի խումբ ճեղքել է պաշտպանությունը և կանգնել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ փակելով ճանապարհը:
Նիկոլ Փաշինյան - Լուրն ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն ԶՈՒ ԳՇ-ն չէր հաստատում այդ տեղեկատվությունը: Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, Գլխավոր շտաբը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ: Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա: Ըստ էության, այս կետից սկսեց Շուշիի սողացող անկումը: Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո՝ երկրորդ և այդպես շարունակ: Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին:
Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի, ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի: Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք, այսինքն՝ պահեք Շուշին: Շուշին պահել, հետ վերցնել:
Փաշինյանի խոսքով՝ գլխավոր շտաբն իրեն զեկուցել է հակագրոհի մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, նշել, որ օպերացիան հաջող է ընթանում, և զինված ուժերը Շուշիի ներսում են: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը իրեն զեկուցել են, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է:
Նիկոլ Փաշինյան - Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ նոյեմբերի լույս 10-ի գիշերվա հարձակումը Կառավարության շենքի վրա, և, երբ մեկ-երկու օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք:
Քննիչ հանձնաժողովի նիստում Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ Շուշիի անկման և այլ դրվագներով հարուցված բազմաթիվ քրեական վարույթներ կան, որոնք պետք է արժանանան մանրամասն պարզաբանման:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան