Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում շինարարության ծավալը կազմել է 94 մլրդ 869 մլն դրամ: 4 ամսում այն աճել է 16 տոկոսով:
Տիգրան Մնացականյան (կառուցապատող ընկերության տնօրեն) - Շինարարության աճը ակտիվ է այս տարի, մենք էլ ենք սկսել նոր կառուցապատումներ` մեր ընկերությունը, ու բավականին ակտիվ շինարարություն է ամբողջ Հայաստանով մեկ: Շատ մեծ պակաս ունենք աշխատուժի, ու էսօր անգամ ես գիտեմ, որ արտասահմանից են մարդիկ բերում, որ կարողանանք աշխատենք:
Ոլորտի հիմնական աճն ապահովել է մասնավորը: Կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը աճել է 38.2 տոկոսով: Նրանք իրականացնում են ընդհանուր շինարարության 59.5 տոկոսը, պետբյուջեի միջոցներով շինարարությունը նվազել է 31.4 տոկոսով, կառուցվածքում դրա ծավալը 13.5 տոկոս է: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի խոսքով՝ շատ պետական գերատեսչություններ պայմանագրերի կնքման փուլում են, և տարվա ընթացքում տեսանելի կլինի իրական պատկերը:
Դավիթ Գրիգորյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ) - Քանի որ ընդհանուր առմամբ մեր պետական քաղաքականությունը` դպրոցաշինարարություն, առողջապահական օբյեկտներ, իրավապահ համակարգի համար նախատեսված օբյեկտներ, կարծես թե չի նվազել, նույն հունով, ես կարող եմ կոմիտեին վերապահված ծրագրերի առումով ասել, մենք այս տարի ունենք շատ մեծ աճ, ու ծրագրերն իրենց հունով ընթանում են:
Բնակչության միջոցներով իրականացվող շինարարությունը 22 տոկոս է կազմել, մնացածը բաժին է ընկնում համայնքներին և մարդասիրական օգնության միջոցներին:
Դավիթ Գրիգորյան - Համայնքների բյուջեների հաշվին ընկնող տոկոսը բավականին մեծ է մինչև ապրիլ ամիս, դա պայմանավորված է սուբվենցիոն ծրագրերի և աշխարհագրության, և ֆինանսավորման չափի հետ, մենք ունենք բավականին շատ սուբվենցիոն ծրագրեր:
Մասնագետների կարծիքով՝ ոլորտը նպաստել է նաև այլ ուղղությունների զարգացմանը:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Մենք ունենք հանքարդյունաբերության զարգացած ոլորտ, ցեմենտի արտադրություն, մենք ունենք շինանյութերի արտադրություն, և, ըստ էության, շինարարության ոլորտի աճը անուղղակի կերպով նպաստում է այս ոլորտներում, Հայաստանի ներսում սա շատ մեծ տնտեսական էֆեկտ է ապահովում:
Միևնույն ժամանակ Սոս Խաչիկյանը խնդիր է տեսնում շինարարության կենտրոնացվածության առումով:
Սոս Խաչիկյան - Հիմնականում կենտրոնացած են Երևան քաղաքում, և եթե նայենք վիճակագրության ցուցանիշները համայնքային բյուջեների հաշվին կամ մարզերում, համայնքներում շինարարության ծավալները բավականին փոքր են: Սա, իհարկե, մտահոգիչ է, կարծում եմ` հատուկ պետական քաղաքականություն կարելի է իրականացնել այս վիճակը շտկելու համար:
Հաշվի առնելով, որ 2025 թվականից Երևանում այլևս չի գործելու հիպոտեկային վարկերի դեպքում եկամտային հարկի վերադարձի օրենքը՝ Դավիթ Գրիգորյանը կարծում է, որ կենտրոնացվածության խնդիրն ավտոմատ կլուծվի:
Դավիթ Գրիգորյան - Գիտեք, որ 25 թվականին Երևանում չի գործելու, մարզերում է գործելու, դրա հետ կապված` մենք արդեն իսկ զգում ենք, որ բավականին մեծ քաղաքաշինական ծրագրեր կան, որ մեր կառուցապատողները տեղափոխվում են մարզեր, և հուսով ենք, որ էդ միտումը կշարունակվի մարզերում, այնտեղ ևս կունենանք մեծ ծրագրեր:
Ընդհանուր շինարարության կեսից ավելին՝ 53.7 տոկոսը, անշարժ գույքի ոլորտում է, 10.6-ը` էլեկտրականության, գազի, գոլորշու մատակարարման, հաջորդում է տրանսպորտի հետ կապված շինարարությունը՝ 5.5 տոկոս: Թե՛ մասնագետները, թե՛ ոլորտի պատասխանատուները վստահ են՝ տարին նույն տեմպով կշարունակվի, քանի որ ամռան և աշնան ամիսները սովորաբար ավելի ակտիվ են:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան