Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլ պաշտոնյաների հետ։ Մոդին նաև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։
Երեկ Նյու Դելիում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Մոդին նախկինում վեց անգամ այցելել է Միացյալ Նահանգներ և՛ երկկողմ հանդիպումների, և՛ բազմակողմ միջոցառումների համար, սակայն սա կլինի նրա առաջին պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ։
Նյու Յորքում Մոդին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կմասնակցի Յոգայի միջազգային օրվա տոնակատարությանը։ Նույն քաղաքում Հնդկաստանի վարչապետը կհանդիպի նաև մի շարք նշանավոր գործիչների և առաջնորդների հետ։ Նախատեսվում է, որ Բայդեն-Մոդի հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերությունը տեխնոլոգիայի, պաշտպանության, տիեզերքի և մաքուր էներգիայի ոլորտներում, ինչպես նաև համատեղ գործունեությունը կլիմայի փոփոխության, առողջության և աշխատուժի ոլորտներում։
Վարչապետ Մոդին այնուհետև հունիսի 24-25-ը պետական այցով կմեկնի Եգիպտոս։