ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՐՔԵՐ ՉԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հակահարձակման ընթացքում դիրքեր չեն կորցրել, մինչդեռ ռուսական ուժերը զգալի կորուստներ են կրել:
«Որոշ հատվածներում մեր ուժերը առաջ են շարժվում, որոշ հատվածներում դիմադրում հակառակորդի հարձակումներին»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ ներկայումս ռուսական կողմի վրա բավական մեծ ճնշում է գործադրվում:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ 63 ՄԼՆ ԵՎՐՈ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ
Համաշխարհային բանկն Ուկրաինային 63 մլն եվրո է հատկացրել: Վարկային միջոցները կուղղվեն պետական բյուջեի ծախսերի մասնակի մարմանը, մասնավորապես՝ 2023 թվականի փետրվար-մարտ ամիսների ուսուցիչների և պետծառայողների աշխատակիցների վճարմանը։ Bloomberg գործակալության տվյալով՝ Ուկրաինային օգնության նոր փաթեթ է նախապատրաստում նաև Եվրահանձնաժողովը: Խոսքը 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության մասին է, որը կտրամադրվի դրամաշնորհների, արտոնյալ վարկերի և երաշխիքների տեսքով։ Ըստ գործակալության՝ միջոցները կվճարվեն պայմանով, որ Ուկրաինան կշարունակի բարեփոխումները՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՍՏԱՆԱՅԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել են Սիրիայի կարգավորման շուրջ Աստանայի ձևաչափով բանակցությունները։ Սա այս ձևաչափի բանակցությունների 20-րդ փուլն է։ Աստանայում տեղի կունենա նաև քառակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով, որի հիմնական նպատակն Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցն է։
Ավելի վաղ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հույս էր հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի առաջընթացի հասնել թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի մշակման հարցում: Նրա խոսքով՝ սա կարևոր գործընթաց է, որը պետք է հիմնված լինի համաձայնեցված սկզբունքների վրա՝ այդ թվում՝ տարածքային ամբողջականության, միասնության և ինքնիշխանության։
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլ պաշտոնյաների հետ։ Նախատեսվում է, որ Մոդին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Երեկ Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Մոդին նախկինում վեց անգամ այցելել է Միացյալ Նահանգներ և՛ երկկողմ հանդիպումների, և՛ բազմակողմ միջոցառումների համար, սակայն սա կլինի նրա առաջին պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ։ Նյու Յորքում Մոդին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կմասնակցի Յոգայի միջազգային օրվա տոնակատարությանը։ Նույն քաղաքում Հնդկաստանի վարչապետը կհանդիպի նաև մի շարք նշանավոր գործիչների և առաջնորդների հետ։ Նախատեսվում է, որ Բայդեն-Մոդի հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերությունը տեխնոլոգիայի, պաշտպանության, տիեզերքի և մաքուր էներգիայի ոլորտներում, ինչպես նաև համատեղ գործունեությունը կլիմայի փոփոխության, առողջության և աշխատուժի ոլորտներում։ Վարչապետ Մոդին այնուհետև հունիսի 24-ից 25-ը պետական այցով կմեկնի Եգիպտոս։
ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ՈՒ ՊԵԿԻՆԸ ՃԻՇՏ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԵՆ. ԲԱՅԴԵՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենի` Չինաստան կատարած այցից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը ճիշտ ուղու վրա են: «Բլինքենը չափազանց լավ աշխատանք է կատարել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Բայդենը նաև վստահություն է հայտնել, որ Միացյալ Նագանգների և Չինաստանի միջև հարաբերություններում առաջընթաց է գրանցվել:
ԿԱՅԱՑԵԼ Է ՉԺՀ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Չինաստանի զարգացումը Գերմանիայի համար հնարավորություն է, ոչ թե մարտահրավեր, առավել եւս՝ սպառնալիք, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բուրբոքի հետ հեռախոսազրույցում։ Ցին Գանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է նպաստել Գերմանիայի հետ հարաբերությունների առողջ և կայուն զարգացմանը՝ հավատարիմ մնալով փոխադարձ հարգանքի սկուզբունքին, փորձելով ընդհանուր լեզու գտնել տարաձայնությունների առկայության դեպքում, դասեր քաղել միմյանց փորձից և իրականացնել փոխշահավետ գործակցություն։
Չինաստանի վարչապետ Լի Ցիանը կառավարության ղեկավար ընտրվելուց հետո կիրակի իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Գերմանիա, այնտեղից նա կուղևորվի Ֆրանսիա։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը նշել է, որ այցերը ցույց են տալիս, թե որքան շատ է Պեկինը կարևորում Բեռլինի և Փարիզի հետ հարաբերությունները։