ՀԱՊԿ-ի համար այժմ բարդ ժամանակներ են, ինչը պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացում՝ խաղաղության պահպանման համար, Մինսկում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ խնդիրների լուծումը ձախողելու համար կազմակերպության հասցեին հնչող քննադատությունները երբեմն տեղին են։
«Օրինակ՝ Ղրղզստանը վաղուց է խնդրում օգնել Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Հիմնավորված պահանջներ է ներկայացնում նաև Հայաստանը։ Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները կկշտամբեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից։ Ուստի պետք է խորանալ ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և լուծումներ փնտրել»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներն այսօր Մինսկում կայացած նիստում հայտարարություն են ընդունել տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու, ինչպես նաև Աֆղանստանում ստեղծված իրադրության վերաբերյալ։
ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔԸ ԴՐԵԼ Է ՌԴ-Ն. ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտգործնախարարների նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Հայասատնի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հիմքը դրել է Ռուսաստանը, երբ 2020թ․ նոյեմբերին Ռուսաստանի նախագահի անձնական միջամտությամբ ստորագրվել է առաջին եռակողմ հայտարարությունը, որին հաջորդել են բարձր մակարդակի ևս մի քանի եռակողմ հայտարարություններ:
«Մենք դեմ չենք, որ միջազգային այլ դերակատարներ ևս իրենց ուժերը փորձեն միջնորդության ոլորտում։ Կարևոր է, որ այդ միջնորդության նպատակը լինի պայմանավորվածությունների ապահովումը, որոնք պետք է արտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների և երկու պետությունների շահերի հավասարակշռությունը»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
Լավրովի համոզմամբ՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողություններում Մոսկվան տեսնում է ոչ թե օգնելու, այլ տարածաշրջան ներխուժելու, Ռուսաստանի օրինական շահերը ճնշելու և ամրապնդվելու ցանկություն։ Նա հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի գործընկերները «այդ ամենը հասկանում են»։
ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ. ԲԱՅՐԱՄՈՎ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են ստեղծվել՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա։
Լոնդոնում ընթացող համաժողովի ընթացքում Բայրամովը նշել է, որ լուրջ հեռանկարներ կան նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերագործարկման տեսանկյունից, և հերթական անգամ Հայաստանին ուղղված կեղծ մեղադրանքներ է հնչեցրել այդ հարցում դժվարություններ ստեղծելու համար: Ադրբեջանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։