Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ Կիևի հետ բանակցությունների համար որևէ կայուն հիմք չկա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դուք տեսնում եք, որ նախագահ Պուտինը բաց է երկխոսության համար, բաց է շփման համար։ Նա շաբաթ օրը բավական արդյունավետ զրույց է ունեցել աֆրիկյան պատվիրակության հետ, և այդ երկխոսությունը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Աֆրիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմն ընդգծել է մայրցամաքի ամենաաղքատ երկրներին հացահատիկի մատակարարման կարևորությունը:
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Աստանայում ընթացող՝ Սիրիայի հարցով 20-րդ բանակցություններին։ Նա զգուշացրել է․ այդ հանդիպումից չափազանցված ակնկալիքներ պետք չէ ունենալ։
Մեկնաբանելով Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները՝ Պեսկովը նշել է, որ Մոսկվայի և Պեկինի գործընկերության մակարդակը թույլ է տալիս պահպանել այն վստահությունը, որ Չինաստանի հարաբերություններն այլ երկրների հետ ուղղված չեն լինի Ռուսաստանի դեմ: