Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Այն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ որպես հարգանքի տուրք Ուկրաինայում շարունակվող պատերազմի զոհերի հիշատակին:
Նիստի մեկնարկին Վեհաժողովը քննարկեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու հարցով ԵԽԽՎ Բյուրոյի առաջարկությունը։
ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսի հարցին, թե՝ արդյոք վեհաժողովը կողմ է, որ Լաչինի հարցով քննարկում անցկացվի, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը բացասաբար արձագանքեց:
Սամեդ Սեիդով (ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար) - Այս թեմայով կազմակերպող քննարկումն ավելի շուտ գլխացավանք կարող է առաջացնել։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ մենք այնքան ենք մոտեցել խաղաղությանը, որ այս միջամտությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակ չէ նման հարց քննարկելու համար։
Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար) - Անկախ նրանից, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության հարցով, ցանկացած քննարկում, որը վերաբերում է հումանիտար հարցերին, Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին, կարևոր է և չի կարող վնասել բանակցություններին։
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգ Լաչինի միջանցքի հարցի ներառումը տապալելու ադրբեջանական պատվիրակության փորձը տապալվեց։
«Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում անցկացնելու վերաբերյալ Բյուրոյի առաջարկությունը դրվեց քվեարկության։ Ներկա 94 պատվիրակից 73-ը կողմ քվեարկեց, 15-ը` դեմ, և 6-ը` ձեռնպահ։ Քվեարկության արդյունքով՝ Լաչինի միջանցքի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու հարցը մտավ ԵԽԽՎ օրակարգ։ Քննարկումը տեղի կունենա հունիսի 22-ին։
Իսկ մինչև այդ հայկական պատվիրակության անդամները առիթը բաց չթողեցին` եվրոպական այս ամբիոնից ևս մեկ անգամ բարձրաձայնելու Բաքվի սադրիչ գործողությունների մասին:
Հռիփսիմե Գրիգորյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Մինչ մենք այստեղ ենք՝ լուծելու առկա խնդիրները, Ադրբեջանը ընդամենը մի քանի ժամ առաջ այսօր կրկին կրակ է բացել Հայաստանում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Ուշադրությու՜ն, ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ` Հայաստանում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 13-ին, ադրբեջանական կողմը կրակ էր բացել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ։ Սրան նախորդել էին գործարանի կառուցման վերաբերյալ հայկական կողմի հասցեին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները։ Հայաստանը նախկինում հայտարարել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ մտահոգությունները պարզապես ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումներին խոչընդոտելուն։ Գնդակոծության հետևանքով վերավորվել է շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի։
Գրիգորյանն իր խոսքում շեշտել է՝ «Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, մարդու իրավունքները և միջազգային իրավունքը: Հայ պատվիրակի պնդմամբ՝ Բաքվի վարքագիծը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, պետք է ձեռնարկվեն գործողություններ՝ զսպելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները և ուժի կիրառման անընդունելի քաղաքականությունը:
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարին հայ պատվիրակի փաստարկները վրդովեցրին: Սամեդ Սեիդովը փորձեց հակադարձել, թե իբր հայկական կողմն է դիմում սադրանքների, և ոչ թե Ադրբեջանը։ Նա հայկական կողմին մեղադրեց խնդիրները միասին քննակելու, լուծումներ գտնելու փոխարեն միջազգային կառույցներին դիմելու և հարցերը բարձրաձայնելու մեջ:
Հայաստանյան պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը շարունակեց մատնանշել Ադրբեջանի անընդունելի քաղաքականությունը՝ հարց ուղղելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:
Հռիփսիմե Գրիգորյան - Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցների անտեսումը, վերջինը՝ Լաչինի միջանցքի գործով, չափազանց մտահոգիչ է և խաթարում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համակարգի վստահելիությունը։ Ի՞նչ կոնկրետ միջոցներ եք ձեռնարկելու Կոնվենցիայի համակարգի պատշաճ գործունեությունը ապահովելու համար` ներառյալ Դատարանի վճիռների և որոշումների կատարումը, ինչպես նաև ապահովելու հակամարտությունների տարածքներում, օրինակ` Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու ազատությունները։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խուսափեց հստակ պատասխանից ` նշելով միայն որ կառույցն աջակցում է կողմերի միջև շարունակվող բանակցային ջանքերին և կոչ է անում շարունակել երկխոսությունը՝ խաղաղության հասնելու նպատակով: