Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատարանում ցուցմունք տվեց ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ, գեներալ- մայոր Ռաֆայել Զաքարյանը: Նրա ցուցմունքը վերաբերում էր Գասպարյանին առնչվող վատնման դրվագին:
Ըստ մեղադրանքի՝ նախկին ոստիկանապետի հրամանով պետբյուջեից 15 միլիոն դրամով Գրիբոյեդովի փողոցում բնակարան է ձեռք բերվել և այն հատկացվել դրա կարիքը չունեցող գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանին:
Ռաֆայել Զաքարյան (վկա, գեներալ-մայոր) -2017 թվականի դեկտեմբերի առաջին օրերն էին, ինձ հետ կապվեց ոստիկանության տնտեսական վարչության պետ Խանզադյան Ռազմիկը ու տեղեկացրեց, որ ոստիկանության պետի կողմից խրախուսման կարգով ինձ հատկացվել է 1 սենյականոց բնակարան:
Կառավարության համապատասխան որոշմամբ՝ բնակարան կարող էր հատկացվել այն ծառայողներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, իսկ օտարելու դեպքում բնակարանային հաշվառման կարող էին վերցվել վատթարացման օրվանից սկսած` 5 տարի հետո:
Ռաֆայել Զաքարյան - Ես կարիքավորների էդ շրջանակով չեմ ստացել բնակարանը, ստացել եմ խրախուսման կարգով` որպես խրախուսանք, ենթադրում եմ, իմ 40 տարվա աշխատանքային վաստակի:
Նախկին բարձրաստիճան ոստիկանն ասաց՝ Գասպարյան իրեն չի ասել բնակարան տալու մասին, նշեց՝ իր համար դա անակնկալ է եղել: Վկայի հարցաքննությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ պաշտպանական կողմը:
Ալեքսանդր Կոչուբաև (Վլադիմիր Գասպարյանի պաշտպան) - 11-18 թվականների ընթացքում` Վլադիմիր Գասպարյանի ղեկավարության օրոք, համակարգում պարգևատրվել են 100-ը գերազանցող ոստիկանության ծառայողներ, ընդ որում՝ նույն էս հրամանով, և մեզ համար տարակուսելի է` ինչու են ընտրվել էս երեքը: Օրինակ` քրեական գործի սկիզբը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի զեկուցագիրն է, որ էս 3 ծառայողներին ապօրինի բնակարան է հատկացվել, մինչդեռ հենց Օսիպյանը համանման հրամանով ստացել է որպես խրախուսանք բնակարան:
Ըստ մեղադրանքի՝ բացի Ռաֆայել Զաքարյանից, բնակարան է հատկացվել նաև ենթասպա Քնարիկ Սասունյանին և գնդապետ Գարեգին Գասպարյանին: Ընդ որում՝ երեք դեպքում էլ բացակայել են բնակարանային գործերը: Մինչդեռ, ըստ կարգի, բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու համար պետք է կազմվեր բնակարանային գործ, որին կցվեին մի շարք փաստաթղթեր:
Դատարանում հարցաքննվեց նաև Ոստիկանության տնտեսական վարչության նյութական արժեքների հաշվառման բաժնի նախկին պետ, գնդապետ Կարեն Բաղդասարյանը: Դատախազի հարցին` տեղյակ եղե՞լ է կառավարության համապատասխան որոշման մասին, վկան ասաց` դա իր գործառույթներից դուրս է եղել:
Կարեն Բաղդասարյան (վկա) - Հիմքը ինձ համար հրամանն է:
Դատախազի հարցին ի պատասխան` վկան ասաց՝ բնակարանային գործեր եղել են, և դրանք քննիչներն առգրավվել են: Մինչդեռ ըստ դատավորի՝ կա ոստիկանության գրություն, որի համաձայն՝ գործերը բացակայել են: Ապա դատավոր Վարդգես Սարգսյանը հրապարակեց վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, որտեղ վկան հակառակն էր ասել:
Վարդգես Սարգսյան (դատավոր) - Բնակարանային գործեր կազմելու վերաբերյալ տնտեսական վարչությունում որևէ տեղեկություն առկա չէ, զրուցել եմ աշխատակիցների հետ սակայն նրանք հայտնել են, որ Գարգեին Գասպարյանին և Ռաֆայել Զաքարյանին վերաբերող բնակարանին գործեր չեն կազմվել, որը պարտադիր պետք է կազմեր:
Գնդապետը առկա հակասությունների վերաբերյալ այդպես էլ, ըստ դատավորի, հստակ պատճառաբանություններ չներկայացրեց:
Վարդգես Սարգսյան - Առկա պայմաններում ուղղակի անիմաստ եմ գտնում ձեր հարցաքննությունը առնվազն շարունակելը, որովհետև առնվազն ինձ համար զարմանալի են ոստիկանության գնդապետի պատասխանները, որ ինքը իր ցուցմունքները չի կարողանում պատճառաբանել:
Մյուս նիստին դատարանում կհարցաքննվի նաև վկա Նելսոն Սարոյանը, որը, ըստ մեղադրանքի, հրամանագրված է եղել որպես ռազմական ոստիկան, բայց նշանակման օրվանից աշխատել է Սերժ Սարգսյանի եղբոր մոտ՝ որպես վարորդ:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան