Հայաստանն առաջինն է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, որ անցյալ տարի հյուրընկալել է ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի գլոբալ հանդիպումը և ազդարարել արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման մասին: Այդ մասին ասված է ՀՀ ԱՆ ֆեյսբուքի էջում:
«Բացի դրանից՝ աշխատանքներ են տարվում ամբողջ հանրապետությունում անհետաձգելի բուժօգնության ծառայություններն ուժեղացնելու, ինչպես նաև շտապօգնության միասնական համակարգի շրջանակներում ծառայությունը հագեցնելու անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինված կադրերով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնի» բացմանը:
Առողջապահության նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի, «Բեթ Իսրայել Սարկավագ բժշկական կենտրոնի» Հարվարդի բժշկական ֆակուլտետի համագործակցությամբ ստեղծված նոր ուսումնական կենտրոնը համընդհանուր ծրագրի բաղադրիչներից մեկն է:
Ժամանակակից կենտրոնը հագեցած է ուսումնական և սիմուլյացիոն անհրաժեշտ նյութերով, սարքավորումներով, ներդրված են միջազգային և տեղական կրթական ծրագրեր:
Կենտրոնի գործունեության մեկնարկը տրվեց հուշագրի կնքմամբ»,- նշված է գրառման մեջ: