Մենք դրել ենք Հայասատնի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հիմքը, երբ 2020 թ․ նոյեմբերին Ռուսաստանի նախագահի անձնական միջամտությամբ ստորագրվեց առաջին եռակողմ հայտարարությունը վերջնական կարգավորման սկզբունքների մասին, ապա ընդունվեցին բարձր մակարդակի ևս մի քանի եռակողմ հայտարարություններ՝ նվիրված այն ջանքերի տարբեր ասպեկտներին, որոնք անհրաժեշտ են իրավիճակի լիարժեք կարգավորման համար։ Դա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:
«Մենք դեմ չենք, որ այլ միջազգային դերակատարներ իրենց ուժերը փորձեն միջնորդության ոլորտում։ Կարևոր է, որ այդ միջնորդության նպատակը լինի պայմանավորվածությունների ապահովումը, որոնք պետք է արտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների և պետությունների շահերի հավասարակշռությունը։ Ցավոք, ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողություններում մենք տեսնում ենք ոչ թե օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներխուժելու, Ռուսաստանի օրինական շահերը ճնշելու ցանկություն և ամրապնդվելու՝ որպես վճռական դերակատարություն ունեցող ուժ»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը փորձում է ընդլայնվել դեպի ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամներից հեռու տարածաշրջաններ։ Լավրովը հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի գործընկերները «այդ ամենը հասկանում են»։