Եռակողմ հայտարարության ստորագրման շուրջ բանակցությունները սկսվեցին նոյեմբերի 6-ին: Ես համաձայնեցի այդ թեմայով բանակցություններ սկսել, ըստ էության, պայմանով, որ դրանում չլինեն Շուշին և Հայաստանի տարածքով միջանցքին վերաբերող դրույթներ, ինչպես նաև առաջարկելով, որ մենք Աղդամի շրջանը վերադաձնենք Հադրութի շրջանի դիմաց, որն Ադրբեջանը հսկողության տակ էր առել. սա էր եռակողմ հայտարարությունը ստորագրելուն ուղղված գործընթացի մեկնարկը: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հասկանում էի, որ հասել ենք շրջադարձային կետի: Եթե կարողանում ենք պահել Շուշին, դա շրջադարձ է, եթե չենք կարողանում պահել Շուշին, դա էլ է շրջադարձ, բայց նոյեմբերի 8-ի դրությամբ ինչքան էլ ինձ ասում էի, որ Շուշիի մի մասը մեր հսկողության տակ է, հասկանում էի, որ այն ամբողջությամբ հետ բերել այլևս չենք կարող: ԼՂ նախագահը ահազանգում է Ստեփանակերտի խոցելի լինելու մասին, և կար հավանականություն, որ ադրբեջանցիները, գործնականում լուծելով Շուշիի հարցը, Շոշ գյուղի կողմից կսկսեին գրոհ դեպի Ստեփանակերտ՝ շարունակելով դեպի Ասկերան և այդտեղից արդեն թիկունքից խփելով ՊԲ-ի պաշտպանական շրջաններին ու թիկունքից մտնելով Հաթերք-Սոթք հատված:
Բանակցությունները վարում էի ՌԴ նախագահի միջոցով. նոյեմբերի 8-ին և 9-ին նրա հետ ունեցել եմ շուրջ 20 հեռախոսային խոսակցություն: 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում շուրջ 60 հեռախոսային խոսակցություն, և շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը, և քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում ՀՀ տարածքում միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին: Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ, այնուհանդերձ, Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ էր առաջարկել:
«Դա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ: Բայց այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրվի, ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից. զուգահեռ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան, ի վերջո, բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկով Մեղրիի միջանցք էր նախատեսվում, մյուսով՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,- ասաց ՀՀ վարչապետը: