Հոկտեմբերի 19-ին հնչեց մի նոր գաղափար ևս՝ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ: Ես չհամաձայնեցի նաև դրան. չհամաձայնեցի, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ: Այսինքն՝ իմ դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է, որ ես կարծում եմ՝ այո՛, ճանապարհները պետք է բացվեն, այո,՛ Ադրբեջանի արևմտյան շրջանները պիտի Նախիջևանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցք, և դա պետք է լինի ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը դադաեցնելու պայմանները հետևյալն էին:
«Բոլոր 7 շրջանները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ, ԼՂԻՄ այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ-ի էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին: Շուշին հանձնվում է Ադրբեջանին, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ, և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող: Նման պայմաններին ես չէի կարող համաձայնել, որքան էլ հասկանում էի իրադրության ծանրությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: