ՀԱՊԿ-ի համար այժմ բարդ ժամանակներ են, որոնք պահանջում են ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացում՝ խաղաղությունը պահպանելու համար: Այս մասին Մինսկում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Գնահատական տալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ խնդիրների լուծումը ձախողելու համար կազմակերպության հասցեին հնչող քննադատությունները երբեմն տեղին են։
«Օրինակ՝ Ղրղզստանը վաղուց է խնդրում օգնել Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Հիմնավորված պահանջներ է ներկայացնում Հայաստանը։ Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները մշտապես կկշտամբեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից։ Ուստի պետք է խորանալ ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը «պետք է ինչ-որ կերպ միանա այդ բարդագույն հակամարտության կարգավորմանը»։