Առաջին անգամ 2020-ի հոկտեմբերի 13-ն էր, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին. «Ինչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի»: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ նույն հարցադրման շուրջ Պուտինի հետ ավելի մանրամասն քննարկում ունեցել է հոկտեմբերի 16-ին, որի ժամանակ ՌԴ նախագահը կարծիք է հայտնել, թե կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը դադարեցնելու հարցի մասին խոսել՝ առանց ԼՂ կարգավիճակի որևէ հստակեցման, այսինքն՝ կարգավիճակն անորոշությամբ: Այդ օրը ՌԴ նախագահի հետ համաձայնել են հանձնարարել, որ թիմերն աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ:
«Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից: Ես, բնականաբար, համաձայնեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հետևյալ հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և ևս մեկ անգամ կարդաց համատեղ հայտարարությունը, համաձայն որի՝ հոկտեմբերի 18-ին կեսգիշերից նախատեսվում էր հաստատել մարդասիրական հրադադար:
Ըստ Փաշինյանի՝ հայտարարության հրապարակումից հետո հայկական կողմը խորհրդակցություն է անցկացրել ռուսաստանցի գործընկերների հետ, որոնք ևս ողջունել են նախաձեռնությունը: Սակայն հոկտեմբերի 18-ին հրադադարը չհաստատվեց, չնայած ամբողջ օրը, ըստ վարչապետի, հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրվել են պատերազմը դադարեցնելու համար: