Մինչ պատերազմը մեր ուշադրության կենտրոնում է եղել նաև բանակի արդիականացման թեման. ոչ այն պատճառով, որ ի սկզբանե պատերազմը համարել եմ անխուսափելի, այլ այն պատճառով, որ բանակի մարտունակության բարձրացումը կարող էր էականորեն բարելավել Հայաստանի բանակցային դիրքերը: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ 2018-2020 թվականներին կայացվել են բանակի մարտունակության բարձրացման համար էական որոշումներ: «Էականորեն բարձրացվել է զինվորականների աշխատավարձը, սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշոր գնումներ են իրականացվել»,- ասաց նա:
Վկայակոչելով վիճակագրությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի Կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 608 մլրդ դրամ: Համեմատության համար ասեմ, որ 2008 թվականի հունվարի մեկից մինչև 2018 թվականի մայիսը, այսինքն՝ նախորդող 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ կառավարութունները ծախսել են այդ նպատակի համար 354 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք երկու տարում իրականացրել ենք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակի ձեռքբերումներ»:
Փաշինյանն արձանագրեց. «Բացառված է, որևէ մեկը չի կարող ասել, որ 2018 թվականից հետո, իմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո բանակում որևէ բան չի արվել այն պատճառով, որ Կառավարությունն ասել է՝ փող չկա. այդպիսի բան լինել չի կարող»:
Այդ համատեքստում անդրադառնալով «Սու-30»-ների ձեռքբերմանը՝ նա ասաց. «Դա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ ես ասել եմ, հարգելի գործընկերներ, ինչ պետք է բանակին, մենք դա կապահովենք, և ձեր խնդիրը չէ, թե ոնց»: