Ֆրանսիական Le Figaro պարբերականը հրապարակել է երկրի Հանրապետական կուսակցության ավելի քան 170 պատգամավորների, սենատորների և տարածքային մարմինների ընտրված ղեկավարների, այդ թվում՝ Ժերար Լարշեի, Քսավիե Բերտրանի, Վալերի Պեկրեսի, Լորան Վուկեսի, Դեյվիդ Լիսնարի, Բրունո Ռետայոյի, Օլիվիե Մառլեի, Ֆրանսուա-Քսավիե Բելամիի և Էրիկ Սիոտիի կոչը՝ կանխելու «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» և տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը:
«Սա տագնապի ահազանգ է, որը մենք ուզում ենք բարձրացնել այստեղ: Սա տագնապալի ազդակ է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լռել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման ծրագրված վախճանի և այդ տարածքի հայ բնակչության զանգվածային սպանությունների վտանգի:
Հայաստանը 2020 թվականի աշնանը Ադրբեջանի տարած հաղթանակից հետո հայտնվել է խիստ թուլացված և խոցելի վիճակում: Այդ ժամանակից ի վեր, Բաքվի ռեժիմի հետ Հայաստանի՝ խաղաղությանը միտված բանակցությունները տեղի են ունենում ուժերի լիակատար անհավասարակշռության պայմաններում: Ռուսաստանի դե ֆակտո և դե յուրե դաշնակից Ադրբեջանը, ինչպես օրեր առաջ այդ մասին հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վեց ամիս շարունակ անմարդկային շրջափակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չգրավված հատվածի նկատմամբ՝ սովի ենթարկելու և այնտեղ ապրող 120.000 հայերին վտարելու բացահայտ հայտարարված հավակնությամբ:
Ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է երաշխավորեին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը, փաստացի նաև մատակարարումները, ի ցույց դրեցին իրենց անկարողությունը։ Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կայացրած անհապաղ ապաշրջափակում պարտավորեցնող որոշումն Իլհամ Ալիևի համար մնացին անհետևանք։
Մնալով միայնակ և առանց օժանդակության գերզինված Ադրբեջանի ռազմատենչ ու պահանջատիրական նկրտումներին դեմ հանդիման՝ Հայաստանն այժմ փորձում է փրկել իր սեփական տարածքային ամբողջականությունը։ Այս համատեքստում հանդես ենք գալիս Ֆրանսիայի Հանրապետության նախագահին ուղղված պաշտոնական կոչով․ Ֆրանսիան կարող է միջամտել, Ֆրանսիան պետք է միջամտի:
Մենք պարտավոր ենք դա անել, որովհետև ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայերը ոչ միայն մարմնավորում են ժողովրդավարական արժեքները մի տարածաշրջանում, որտեղ առանց բացառության իշխում են ավտորիտար, մինչև անգամ, բռնապետական պետությունները, այլև ստանձնել են մեզ համար ընդհանուր քրիստոնեական մշակույթի առաջապահի դերը։ Պարտավոր ենք դա անել, քանի որ դա է թելադրում պաշտպանելու մեր պատասխանատվությունը, որը բխում է 2005 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի առջև ստանձնած մեր պարտավորություններից:
Կարող ենք և պետք է միջամտենք՝ կրկին հրավիրելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ ընթացող բանակցությունների շրջանակը վերափոխելու համար: Քանի որ ընդունել այդ բանակցություններն այնպիսին, ինչպիսին դրանք ընթացել են մինչև Քիշնև, այսինքն՝ Ֆրանսիայի և Արևմուտքի վրայից հանելով Լեռնային Ղարաբաղի հայերին վերստին լքելու պատասխանատվությունը, ինչպես ժամանակին լքել էինք Կիլիկիայի հայերին, կնշանակի համաձայնել մոտալուտ պատերազմին, Հայաստանի և տարածաշրջանի ապակայունացմանը, ինչը վտանգավոր է բոլորիս համար։
Ուստի, Անվտանգության խորհուրդը պետք է իր բանաձևով պարտադրի այն փաստը, որ այս բանակցությունների նախապայմանը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտման ցանկացած գործընթացի բացառման բացարձակ երաշխիքը։ Անվտանգության նման երաշխիքը, որը Ֆրանսիան պետք է պահանջի և պարտադրի, կհենվի միայն միջդիրքային միջազգային ուժերին տրված մանդատի վրա, որոնք կլրացնեն իրենց անարդյունավետությամբ աչքի ընկած ռուսական խաղաղապահ ուժերին․ վերջիններիս՝ 2025 թվականից հետո մանդատի երկարաձգումը վտանգված է: Ի վերջո, այդ բանաձևը պետք է սահմանի, ըստ էության վերականգնի, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը՝ որպես նրանց կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքի գլխավոր երաշխիք՝ դիմակայելու ռասայական ատելության հիմքի վրա կառուցված ադրբեջանական պետությանը։
Հրամայական ենք համարում, որ նախագահ Մակրոնը կյանքի և արժանապատվության այս հիմնարար իրավունքի սկզբունքը վերահաստատի հենց Գորիսում՝ շրջափակված Լեռնային Ղարաբաղի դարպասների մոտ, ինչպես նրան նախորդող նախագահները՝ Ֆրանսուա Միտերանը և Ժակ Շիրակը, արեցին Սարաևոյում։
Մի աշխարհում, որտեղ կործանիչ և ծավալապաշտ ուժերն առաջընթաց են արձանագրում, Ֆրանսիան կարող է և պետք է հանդես գա հայ-ադրբեջանական բանակցություններում հավասարակշռությունը վերականգնելու նախաձեռնությամբ՝ մեր բոլոր գործընկերների հետ վերաիմաստավորելով Հարավային Կովկասում հաստատված անվտանգային ճարտարապետությունը:
Այս վերաձևակերպման դրսևորումը պետք է լինի նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողությունների հզորացումը, ինչին պետք է մեր նպաստը բերենք։ Քանի որ միայն Հայաստանը, որն ի զորու է ինքնապաշտպանվելու, կվերագտնի իր ինքնավստահությունը, վստահությունը ժողովրդավարական արժեքների հանդեպ, որի գրեթե միակ կրողն է տարածաշրջանում»,- նշված է գործիչների հայտարարությունում: