Գերմանիայի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ֆրաունհոֆերի արտադրական համակարգերի և կոնստրուկցիոն տեխնոլոգիայի ինստիտուտ:
Նախագահն ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Էքարտ Ուլմանի ուղեկցությամբ շրջել է ինստիտուտում և ծանոթացել վերջինիս գործունեության հիմնական ոլորտներին:
Պրոֆեսոր Ուլմանը նշել է, որ ինստիտուտն ունի 76 մասնաճյուղ և սերտորեն համագործակցում է գիտական կենտրոնների հետ՝ հենվելով գիտական արդյունաբերության զարգացման սկզբունքների վրա:
Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրենը նշել է նաև, որ հաջողությամբ համագործակցում են նաև Մատենադարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ինժեներական քաղաքի հետ, ինչպես նաև ցանկություն հայտնել փոխգործակցային կապեր հաստատել Թումո կենտրոնի հետ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ իր հնարավորությունների սահմաններում լիովին պատրաստ է աջակցելու հայ և գերմանացի մասնագետների համատեղ նախաձեռնությունների իրականություն դառնալուն և Հայաստանում գիտական արդյունաբերության ոլորտում գերմանական լավագույն փորձի ներդրմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա աշխատանքային քննարկումները: