Երկուշաբթի Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Պեկին կատարած այցի ընթացքում Չինաստանը և Միացյալ Նահանգները ձեռք բերեցին առաջընթաց և պայմանավորվածություններ մի շարք հարցերի շուրջ, դա շատ լավ է»,- ասել է Չինաստանի նախագահը:
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի բանակցությունների ժամանակ «Չինական կողմը հայտնեց իր դիրքորոշումը, երկու կողմերը համաձայնել են համատեղ իրականացնել Բալիում՝ 2022 թվականին G20 գագաթնաժողովի շրջանակներում, իմ և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև ձեռք բերված կոնսենսուսը: Կողմերը նաև առաջընթաց են գրանցել և պայմանավորվածություններ ձեռք բերել որոշ կոնկրետ հարցերում»:
Բլինքենի ներկա այցը հինգ տարվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Չինաստան, որը տեղի է ունենում Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների զգալի վատթարացման ֆոնին մի շարք խնդիրների պատճառով, ներառյալ՝ Թայվանը, ԱՄՆ-ի օդային տարածքում չինական օդապարիկի խոցումը և շարունակական տարաձայնություններն առևտրի ու տեխնոլոգիաների ոլորտներում։