Վաշինգտոնը չի ձգտում նոր սառը պատերազմի և չի ցանկանում փոխել չինական համակարգը՝ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը: Սի Ծինփինն էլ նշել է, որ Պեկինին և Վաշինգտոնին կհաջողվի հաղթահարել հարաբերություններում դժվարությունները, քանի որ խոշոր տերությունների մրցակցությունը համարժեք չէ ժամանակի միտումներին։
ԱՄՆ-Ը ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԹԱՅՎԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ. ԲԼԻՆՔԵՆ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնը Չինաստանում հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը, հայտարարել է Բլինկենը Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ: «ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ձգտում նոր սառը պատերազմի և չի ցանկանում փոխել չինական համակարգը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը առաջընթաց են արձանագրել մի շարք հարցերում: Նա հույս է հայտնել, որ Պեկինին և Վաշինգտոնին կհաջողվի հաղթահարել հարաբերություններում առկա դժվարությունները, քանի որ խոշոր տերությունների մրցակցությունը չի համապատասխանում ժամանակի միտումներին։ «Մարդկության ապագան ու ճակատագիրը կախված են նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն ու Չինաստանը կկարողանա՞ն գտնել համակեցության ճիշտ ուղին»,- ընդգծել է Չինաստանի ղեկավարը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Վանգ Յիի հետ: Էնթոնի Բլինքենը և Վանգ Յին ողջույնի խոսքից և լուսանկարման արարողությունից հետո հանդիպումը շարունակել են փակ դռների հետևում: «Պեկինը փոխզիջումների ու զիջումների չի համաձայնի Թայվանի հարցում»,- հայտարարել է Վանգ Յին: Նա ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնից պահանջել է չչափազանցնել այսպես կոչված չինական սպառնալիքը, չեղարկել Պեկինի դեմ անօրինական միակողմանի պատժամիջոցները, դադարեցնել Չինաստանի տեխնոլոգիական զարգացման ճնշումը և չմիջամտել երկրի ներքին գործերին։
Բլինքենը Չինաստան է մեկնել կիրակի առավոտյան երկօրյա այցով ՝ քննարկելու Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն ու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրներ: Երեկ ԱՄՆ պետքարտուղարը բանալցություններ է վարել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի հետ. ԱՄՆ պետքարտուղարությունը Ցին Գանի հետ բանակցությունները բնութագրել է որպես անկեղծ, առարկայական և կառուցողական: Սա Էնթոնի Բլինքենի առաջին այցն է Չինաստան որպես ԱՄՆ պետքարտուղար:
ՆԱՏՕ-Ն ԿԱՋԱԿՑԻ ԿԻԵՎԻՆ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում արդար խաղաղությունը չի կարող նշանակել հակամարտության սառեցում։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի: Բայց արդար խաղաղությունը չի ենթադրում հակամարտությունը սառեցնել և ընդունել Ռուսաստանի թելադրած համաձայնագիրը»,- ասել է Ստոլտենբերգը Գերմանիայում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում:
Նա կրկնել է, որ դաշինքը մտադիր է աջակցելու Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշել է, որ Ուկրաինայի հակահարձակումը շարունակվում է: «Որքան շատ տարածքներ կարողանան ազատագրել, այնքան ավելի ամուր կլինի նրանց դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ստոլտենբերգը։ Ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել լիազորությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Ուկրաինայի հետ հակամարտությունը լուծելու աֆրիկյան առաջնորդների նախաձեռնության շուրջ երկխոսությունը կշարունակվի Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ու հավելել, որ կան թեմաներ, որոնք կարող են կյանքի կոչվել։ Աֆրիկյան նախաձեռնությունը, որը բաղկացած է 10 կետից, վերաբերում է անվտանգության երաշխիքներին, Սև ծովով հացահատիկի ազատ տեղափոխմանը, ռազմագերիների ազատ արձակմանը և բանակցությունների վաղաժամ մեկնարկին։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարարը մանրամասն խոսել է պատվիրակության հետ, աֆրիկացիների հետ երկխոսությունը կշարունակվի այն մոտեցումների շուրջ, որոնք ուրվագծվել են պատվիրակության հետ բանակցություններում։
ԱՍՏԱՆԱՅԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 20-21-ԻՆ
Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ղազախստանի մայրաքաղաքում հունիսի 20-21-ը։ Նախատեսվում է, որ բանակցություններին որպես դիտորդ մասնակցելու նպատակով Ղազախստանի մայրաքաղաք կժամանեն ներկայացուցիչներ ՄԱԿ-ից, Հորդանանից, Լիբանանից և Իրաքից: Առաջին օրը ակնկալվում է քառակողմ խորհրդակցություններ Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի փոխարտգործնախարարների միջև, երկրորդ օրը նախատեսվում են խորհրդակցությունների շարունակություն, լիագումար նիստ և մամուլի ասուլիս: Քառակողմ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 10-ին՝ Մոսկվայում, արտգործնախարարների մակարդակով։