Նորակերտի նախկին ղեկավարը համայնքին է վերադարձրել իր պաշտոնավարման տարիներին սեփականացրած երեք անշարժ գույք: Նրա հետ բանակցել, համոզել են գույքը վերադարձնել բնակավայրի այսօրվա վարչական ղեկավարը և Փարաքար խոշորացված համայնքի ավագանու անդամներից մեկը: Եվս մի քանի անշարժ գույքի օտարման օրինականությունը պարզելու նպատակով իրավական գործընթաց է սկսվել:
Նորակերտի նախկին գյուղապետ Շահեն Կարապետյանը համայնքին է վերադարձրել իր պաշտոնավարման 18 տարում սեփականացրած երեք անշարժ գույք։ Դրանց նկատմամբ իրավունքի վկայականները Նորակերտի նոր ղեկավարը փակցրել է իր աշխատասենյակի ամենաերևացող պատին, որ ելումուտ անողները տեսնեն՝ գյուղի երբեմնի սեփականությունը վերադարձվել է։
Հասմիկ Գարսևանյան (Նորակերտի վարչական ղեկավար) - Ես կուզեի՝ ժողովուրդն իմանար դրա մասին, որ մյուսներն էլ վստահ լինեն՝ կարող են հետ բերել զավթած տարածքները, գույքը, որ նախկինում ղեկավարները սեփականաշնորհել են։
Անշարժ գույքը վերադարձնելը հեշտ չի եղել։ Նորակերտի վարչական ղեկավար Հասմիկ Գարսևանյանը և ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանը մեծ ջանքեր են գործադրել նախկին գյուղապետին բացատրելու, համոզելու համար։
Գևորգ Խաչատրյան (Փարաքար համայնքի ավագանու անդամ) - Ես իրեն բացատրեցի, որ թշնամանք չենք ուզում, մի գյուղում ենք ապրում, էս հարցով կյանքը չի վերջանում, ավելի լավ է՝ լինի համայնքինը, ու ամեն ինչ վերջանա։
Վերադարձվել է բուժամբուլատորիայի նախկին շենքը, որի օտարումից հետո բուժանձնակազմը տեղափոխվել է մշակույթի պալատ։ Նորակերտի գործող կառավարիչները մտադիր են հետ բերած ամբուլատորիան հիմնանորոգել և տեղում տեխնիկական սարքերի լաբորատորիա հիմնել։
- Քանդել ենք, որ մարդիկ հասկանան՝ սա վերցրել ենք։
Սա էլ մանկապարտեզի հարակից տարածքն է՝ մոտ 2000 քմ։ Կողմնակի մարդկանց ելումուտը կանխելու համար Շահեն Կարապետյանն այն պարսպապատել էր։ Գույքը համայնքին վերադարձնելուց հետո նոր ղեկավարությունը պարիսպը քանդել է, տարածքը մաքրել աղբից ու ծառեր տնկել։ Կանաչապատելուց ու բարեկարգելուց հետո մի հատվածում խաղահրապարակ կկառուցեն, մյուսում՝ հանդիսությունների սրահ։ Իսկ երրորդ գույքը, որ նախկին ղեկավարը վերադարձրել է, 3 հա տարածքով քաղաքաշինական նշանակության հողակտոր է։
Հասմիկ Գարսևանյան - Մտադիր ենք 3 հա բաժանել բնակիչներին՝ որպես տնամերձեր, կտրամադրենք կարիքավորներին, պատերազմի մասնակիցներին, բազմազավակներին, իսկ 3000 մետրը սպորտհամալիրի համար է, բարերար կգտնենք՝ կկառուցենք։
Օտարված մի գույք էլ գյուղապետարանի նախկին վարչական շենքն է, որը աճուրդով երրորդ անձից գնել է Կարապետյանի որդին։ Այն ևս պարսպապատել են, բայց թողել այն վիճակում, ինչ վիճակում ձեռք են բերել։
Հասմիկ Գարսևանյան - Կարելի է եզրակացնել, որ ինքը վստահ չի եղել, որ իրենն է, որ կգա ժամանակ, ու ստիպված կլինի վերադարձնել։ Հիմա այդ ժամանակն է։ Ես համայնքի անունից պահանջում եմ, որ շենքը վերադարձնի համայնքին։
Գևորգ Խաչատրյան - Ավելի լավ կլինի, որ համայնքինը լինի, մենք խմբակներ ունենք, բայց մշակույթի տունն այնքան փոքր է, երեխաները խցկված են պարապում, միջոցառումների տեղ էլ չունենք։
Ինչպես գյուղապետարանի նախկին շենքի, այնպես էլ մի շարք անշարժ գույքերի ձեռքբերման օրինականությունը պարզելու համար իրավական գործընթաց է սկսվել։
Գոռ Սարիբեկյան (Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ) - Իմ ունեցած տեղեկությամբ՝ մի շարք քրեական վարույթներ են իրականացվում՝ պարզելու համար գույքերի ծագման աղբյուրը, իրավապահ համակարգը զբաղվում է տվյալ անձի ունեցվածքի օրինական ծագման խնդրի պարզաբանմամբ։
Բացի նշվածներից, Շահեն Կարապետյանն իր պաշտոնավարման տարիներին 6 տասնյակի հասնող անշարժ գույք է մասնավորեցրել։ Դրանք շենք-շինություններ են, քաղաքաշինական և գյուղատնտեսական նշանակության հողեր, այգիներ։