Արթուր Կարապետյան (դիմորդ) - Պարեկային ծառայողն իրականացնելու է ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հասարակական կարգի ապահովում և հասարակական անվտանգության ապահովում, նաև մասնակցում է հանցագործությունների հայտնաբերմանը և բացահայտմանը, որը շատ կարևոր է հանրային շահը պահպանելու համար:
Ահա թե ինչու է Արմավիրից իրավաբան Արթուր Կարապետյանը որոշել անցնել պարեկային ծառայության: Հոկտեմբերից Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայություն կգործի: Այս պահին Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում դիմորդներն անցնում են 5-ամսյա ուսուցում:
Արմեն Սուքիասյան (ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ) - Մեր ծրագիրը պատրաստված է այնպես, որ գերակշռում են գործնական պարապմունքները, որոնք հնարավորություն են ընձեռում սովորողների մոտ գործնական հմտություններ և կարողություններ ձևավորելու, որոնք կօգնեն ավարտելուց հետո անցնել ֆունկցիոնալ պարտականությունների կատարմանը:
Այս պահին պարեկային ծառայությունը գործում է Երևանում, Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արագածոտնում: Առաջիկայում կներդրվի Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Կրթահամալիրում սովորող դիմորդներն ուսումնական գործընթացը կավարտեն սեպտեմբերի 30-ին և 4 մարզում կանցնեն ծառայության:
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - Զուգահեռ մենք նախատեսում ենք ունենալ կին դիմորդների համար նպատակային ընդունելություն պարեկային ծառայությունում, որովհետև մենք այն համոզմանն ենք, որ կին դիմորդների ներգրավումը թույլ կտա նաև բովանդակային առումով դրական փոփոխություններ ավելացնել պարեկային ծառայության աշխատանքում:
Պարեկ դառնալու համար դիմել է 900 կին, 600-ը՝ նախագրանցվել: Էջմիածնից Վարդանուշ Միրզախանյանը որոշել է համալրել պարեկային ծառայության շարքերը:
Վարդանուշ Միրզախանյան (դիմորդ) - Անկեղծությունը, հավասարությունը, մարդասիրությունը, մարդկայնությունը, օրինականությունը՝ սրանք կարևոր սկզբունքներն են, որոնցով պետք է առաջնորդվենք մեր ծառայությունը կատարելիս:
Բոլոր դիմորդների քաշի, հասակի վերաբերյալ պահանջները կոխվեն: Բուժզննության կարգի փոփոխությունների մասին Կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է: 1 մ 60 սմ հասակի պահանջը կփոխվի 1 մ 55 սմ-ի, քաշը՝ 50 կգ-ից 47 կգ։ Փոխնախարարի խոսքով՝ 1- 2 սմ-ի պատճառով մոտ 400 դիմորդ չէր անցնում բուժզննության փուլը:
Արփինե Սարգսյան- Մենք ցանկանում էինք օբյեկտիվ մեղմացումներ իրականացնել պրոցեսում, այլ ոչ սուբյեկտիվ: Ոչ թե արտոնություն ենք տալիս կին դիմորդներին, որպեսզի նրանք կարողանան մասնակցել ծառայությունում աշխատանքի, այլ հասկանալ՝ որոնք են խոչընդոտները հավասար հնարավորությունների տրամադրման մասով թե՛ կին, թե՛ տղամարդ դիմորդներին, և ըստ այդմ խոչընդոտները վերացնել:
Կրթահամալիրն ունի 455 ուսանող: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում աշխատելուց հետո Մհեր Մեծոյանը դիմել է պարեկային ծառայության անցնելու համար:
Մհեր Մեծոյան (դիմորդ) - Արտաքին ծառայությունում եմ ինձ տեսնում, իմ երկար տարիների ծառայության փորձից ելնելով՝ կարծում եմ՝ ավելի լավ կարող եմ անել, մարդկանց հետ է շփումը լինելու, կարծում եմ՝ կստացվի:
Արփինե Սարգսյան - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև հոկտեմբեր դեռևս զբաղված ենք լինելու առաջիկա չորս մարզերի դիմորդների կրթական պրոցեսով, մենք այն համոզմանն ենք, որ չպետք է պարզապես մեծ ծավալ վերցնել և որակից շեղում կատարել, նպատակահարմար ենք համարել կրթական պրոցեսի մասով ավարտել չորս մարզի մասով և սկսել կրթական պրոցեսը կին դիմորդների համար, որպեսզի որակի որևէ կոմպրոմիս այս տեսանկյունից չունենանք:
Պարեկային ծառայությունում այս պահին կանայք 4.5 տոկոս են: Սարգսյանի խոսքով՝ նպատակն է մինչև 2026-ը ապահովել 30 տոկոս ներգրավվածություն: