Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը քիչ առաջ հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:
Հաշվի առնելով հարցադրումները՝ նա վերահաստատել է հետևյալը.
«1. Համակարծիք չեմ այն մարդկանց կամ իշխանությունների կամ միջազգային դերակատարների հետ, որոնք, խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների մասին, նկատի չունեն նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
2. Միջազգային արդի հարաբերություններում վայրենություն ու ահաբեկչություն պիտի գնահատվի այն դեպքը, երբ սովի են մատնում 120.000 մարդու, խոշտանգում նրանց, որից հետո ասում՝ եթե չեք ուզում սոված մնալ, խոշտանգվել, եկեք բանակցությունների:
3. Արցախի իշխանությունները դեմ չեն Արցախ-Ադրբեջան շփումներին, սակայն բանակցության ընթացքում կողմերի իրավունքների՝ միջազգային նորմերին համահունչ իրացնելու հնարավորությունը պետք է լինի միջազգային մեխանիզմներով երաշխավորված ու պաշտպանված: Այդ երաշխիքները, սակայն, պետք է լինեն համոզիչ ու վստահելի:
4. Ավելի քան վեց ամիս է, Արցախը գտնվում է շրջափակման մեջ, արցախցիների նկատմամբ Ադրբեջանը անընդհատ կիրառում է ուժ կամ ցուցաբերում է ուժի կիրառման սպառնալիք, արցախցիները զրկված են գազամատակարարումից, էներգամատակարարումից, պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, բավարար սննդից, տարեցները, հղիները, երեխաները և նորածինները զրկված են խնամքի անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք ձեռք բերելու հնարավորությունից:
Եթե Արցախի ժողովրդի իրավունքների միջազգայնորեն երաշխավորված պաշտպանությունն այս տեսքն ունի, ապա պետք է արձանագրենք, որ մենք առայժմ անվտանգության ու իրավատեր լինելու հուսալի ու համոզիչ երաշխիքներ չունենք»: