ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը կկայանա հուլիսին Վիլնյուսում, Ուկրաինային դաշինքին միանալու առաջարկներ չեն ներկայացվի, երկուշաբթի Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Ո՛չ Վիլնյուսի գագաթնաժողովում, ո՛չ դրա նախապատրաստման ժամանակ մենք չենք քննարկում Ուկրաինային ՆԱՏՕ պաշտոնապես հրավիրելու հարցը, մենք քննարկում ենք, թե ինչպես Ուկրաինան մոտեցնել ՆԱՏՕ-ին, ստեղծել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ, Կիևին տրամադրել ռազմական մատակարարումների բազմամյա ծրագիր»,- ասել է նա։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեմ է Ուկրաինայի հակամարտության սառեցմանը և Ռուսաստանի պայմաններով պայմանավորվածություններին։
«Մենք բոլորս ցանկանում ենք վերջ տալ այս պատերազմին, սակայն արդար խաղաղությունը չի կարող ներառել հակամարտության սառեցում և Ռուսաստանի թելադրած համաձայնագիր։ Ուկրաինական հարձակումը շարունակվում է: Որքան շատ տարածքներ Ուկրաինան կարողանա գրավել, այնքան նրա խաղաքարտերն ավելի ուժեղ կլինեն բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: