Առաջիկայում Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ճամփորդել նաև նույնականացման քարտերով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացմանը:
Վրաստանի պառլամենտը նախագիծն արդեն վավերացրել է: Այնտեղ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս: Հայաստանում էլ փոփոխությունը կգործի, երբ այն ընդունի Ազգային ժողովի լիագումար նիստը, ստորագրի նախագահը և պաշտոնապես հրապարակվի:
«Ինչ վերաբերում է Վրաստանի հետ հարաբերություններին, ես գոհունակությամբ կարող եմ նշել, որ հատկապես վերջին տարիներին դրանք բավականին խորացել, ինտենսիվացել են քաղաքական մակարդակում՝ սկսած երկու երկրների վարչապետներից, հարաբերությունները շատ ակտիվ են: Իհարկե, հանրային հասարակական մակարդակում, ինչպես նշեցիք, ունենք, որոշակի խնդիրներ, որոնք հասցեագրելը շատ կարևոր է, անգամ անվտանգային նշանակություն ունի: Մենք սերտորեն աշխատում ենք մեր վրացի գործընկերների հետ և վստահ եմ՝ կկարողանանք հաղթահարել այս խնդիրները»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: