Հորդառատ տեղումներ, քամու ուժգնացում, երկարատև կարկուտ: Նախորդ չորս օրերին գրանցված օդերևութաբանական անոմալ երևույթներն են, որոնց պատճառով հանրապետության առանձին հատվածներում արձանագրվել են տարբեր ծավալների վնասներ: Հիմնականում վնասներ կրել են Շիրակի, Սյունիքի, Կոտայքի և Լոռու մարզերը, նաև Երևանը:
Արթուր Վարդանյան (Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հրահանգիչ, փրկարար ծառայության մայոր) - Ունեցել ենք 12 ահազանգ, որոնցից 8-ը Երևանում, 4-ը՝ մարզերում: Ծառեր են ընկել, ծառի ճյուղեր, տանիքներ են վնասվել, արտաքին լուսավորման սյուն է ընկել, վնասվել է քաղաքացիների գույքը, տրանսպորտային միջոցները:
Արթուր Վարդանյանի խոսքով՝ չի բացառվում, որ դեպքերն ավելի շատ են եղել, սակայն իրենք դիմումներ չեն ստացել: Առատ անձրևից և կարկուտից հատկապես մեծ վնասներ են կրել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի քանի բնակավայրեր և դրանց ցանքատարածությունները:
Արթուր Վարդանյան - Կոնկրետ Գետաթաղ գյուղում մենք ունեցել ենք դեպք, որ անձրևաջրերից լցվել են անասնագոմեր, քշվել են ձկները` ջրավազանում առկա, իհարկե, վնասվել են նաև արևային համակարգեր: Լոր համայնքում մենք ունեցել ենք 17 գառ, 58 հավ, ձի ու ավանակ, որ սատկել են անձրևաջրերից: Նույն համայնքում վնասվել է նաև կամուրջը, քշվել ավտոմեքենա, տրասնպորտային միջոց: Եվ միաժամանակ կարող եմ նշել, որ 4 հովիվ իրենց անասուններով արգելափակվել էին, չէին կարողանում մոտենալ բնակավայրին:
Գյումրիում ևս ուժեղ քամուց տանիքներ են պոկվել, անձրևաջրերը լցվել են մարդկանց տները: Տեղումների առատության պատճառով քաղաքի կենտրոնական փողոցներում ջրի հոսքը մեծացել է, փողոցները լցվել են անձրևաջրով։
«Լուրեր»-ը փորձեց պարզել՝ ինչու հանրապետության երկրորդ քաղաքի ջրահեռացման համակարգը չի դիմացել տեղումների ծավալին: Գյումրիի կոմունալ ծառայության տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ տեղումները մոտ 25 միլիմետր են եղել:
Արտավազդ Ոսկանյան (Գյումրու կոմունալ ծառայության տնօրենի պաշտոնակատար) - Ջրահեռացման համակարգերը չէին հասցնում այդ մեծ հոսքը ծավալը քաշել։ Խողովակները 200 դիամետր էին, չէին հասցնում քաշել, ձեռնարկեցինք քայլեր, վրայի ցանցերը բարձրացրինք, որ ջրի հոսքն ավելի մեծացնենք ու ավելի շատ հոսքով գնա ջրահեռացման համակարգի մեջ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը նշում է՝ ցիկլոնային ակտիվությունն ամբողջ ամսվա ընթացքում է գրանցվել: Ըստ նրա՝ թեև հունիսը տեղումնառատ ամիս է համարվում, այս ծավալները նախորդ տարիներին չեն եղել:
Գագիկ Սուրենյան (Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն) - Բավական հաճախ ենք ունենում կարկտահարության դեպքեր և բավականին մեծ տրամաչափի: Ունենում ենք նաև տեղատարափ տեղումներ, երբ առանձին հատվածներում մի քանի ժամվա ընթացքում ամսական նորմայի 50-60 տոկոսի չափով անձրև է գալիս:
Սուրենյանի խոսքով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում են անձրև, ամպրոպ, ինտենսիվ տեղումներ, կարկուտ և ջերմաստիճանի նվազում:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան