Դալմայի այգիների 200 հեկտարից ավելի տարածքում նոր մեծ այգի կկառուցվի: Երևանի քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ այսօր այդպիսի հանձնարարական է տվել քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: Անդրադառնալով կենդանաբանական այգին այդտեղ տեղափոխելու ամիսներ առաջ հայտնած մտադրությանը՝ Ավինյանը նշել է՝ այն չի տեղափոխվի. գույքագրումից հետո պարզվել է, որ գործող տարածքում այգու բալանսին մեծ տարածքներ կան: Քաղաքապետի տեղակալը բնապահպանական վարչությանը հանձնարարել է մեկ ամսում կենդանաբանական այգու ընդլայնման նախագիծ ներկայացնել:
Երևանում փոսալցման աշխատանքները մոտենում են ավարտին: Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը հայտնեց՝ օգտագործվել է 148 տոննա ասֆալտ, մնացել մոտ 600 քմ չլցված փոս: Քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն արձանագրեց՝ խնդրի մասին երկար է խոսվել, բայց հնարավոր եղավ այն լուծել մեկ շաբաթվա ընթացքում:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Չնայած որ նախորդ շաբաթ երեք օր անձրև է եկել, կարելի է ասել, որ փոսալցման աշխատանքները կարելի է բավարար գնահատել, չնայած որոշ որակական և տեղ-տեղ նաև ոչ ամբողջական աշխատանքներին, բայց, եթե այս ամենը հնարավոր էր անել մեկ շաբաթում, դա նշանակում է, որ մենք մեկ ամիս-ամիսուկես չպիտի սրա մասին խոսեինք:
Երևանի փողոցներում կհայտնվեն նոր տրոլեյբուսներ: «Երևանի էլեկտրատրանսպորտ ընկերության» տնօրենը հայտնեց, թե երբ գնված տրոլեյբուսները գիծ դուրս կգան:
Սարգիս Բեջանյան («Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն) - Աշխատանքները սկսում ենք մաքսազերծման, ենթադրում եմ՝ ավագանու նիստից հետո՝ մեկ շաբաթից տասը օր, երևի արդեն կհայտնվեն փողոցներում:
Խորհրդակցության հաջորդ հարցով Տիգրան Ավինյանն անդրադարձավ մետրոյի Աջափնյակի նոր կայարանի կառուցմանը, հայտնեց՝ նախագծման փուլում են, հանձնարարեց հետևել աշխատանքի ընթացքին:
Տիգրան Ավինյան - Մենք շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին, դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ՝ պատրաստ է:
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում որոշվեց քննարկում կազմակերպել՝ Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Ավինյանը հայտնեց՝ կհայտարարվի թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը:
Տիգրան Ավինյան - Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է, այսինքն՝ փաստացի իրենց սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որով իրենք, որպես փաստ, տիրապետել են տարիներով, որպեսզի հետագայում կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ իրենք խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, իրավունքների խախտման հետ կապված հարցեր չլինեն:
Շինարարության թեման շարունակելով՝ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարը նշեց՝ ավարտին են մոտենում «Հաղթանակ» կամրջի նորոգման աշխատանքները: Խորեն Գրիգորյանը հավելեց՝ կայացել են նաև կամրջի լուսավորության և Թաիրովից կամուրջ բարձրացող վերելակների տեղադրման մրցույթները:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար) - Երկու շինարարների հետ էլ հանդիպել եմ՝ և՛ լուսավորության, և՛ վերելակների, և օգոստոսի վերջ կունենանք և՛ լուսավորության, և՛ վերելակների տեղադրման աշխատանքների ավարտ: Իսկ «Հաղթանակ» կամրջի վերանորոգման աշխատանքներն ընդհանուր առմամբ ավարտված են, միայն երկու տեղ ճաղավանդակները նորից ձուլում են, նոր տեղադրեն, ու ավարտվում են այդ աշխատանքները:
Ամբողջությամբ վերանորոգման կարիք ունի նաև Կիևյան կամուրջը՝ նշեց Գրիգորյանը: Նախագիծը պատրաստ կլինի մինչև հուլիսի վերջը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան