2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի վաղվա նիստում հարցերին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, նշել, որ չեն մասնակցելու հանձնաժողովի վաղվա նիստին: Խորհրդարանական ընդդիմությունը կասկածի տակ է դնում հանձնաժողովի անաչառությունը և պնդում, որ այն ծառայելու է իշխանությանը, հետևաբար իրենք դա շոու են համարում ու չեն մասնակցելու: «Լուրերի» հետ զրույցում ընդդիմադիրների հայտարարությանն անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Ընդդիմության հնչեցրած գնահատականների մասով, բնականաբար, մեկնաբանություն չեմ տա: Ինչ վերաբերում է անաչառությանը, հանձնաժողովը նախ՝ կոլեգիալ մարմին է, և ընդդիմությունը հնարավորություն է ունեցել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, իսկ արդեն վերջնական եզրակացության ժամանակ էլ ընդդիմությունը հնարավորություն էր ունենալու հանդես գալ հատուկ կարծիքով՝ օրինակ: Այսինքն՝ իրավական առումով էլ չի կարող կասկածի տակ դրվել հանձնաժողովի անաչառությունը՝ իր կառուցվածքի, ընթացակարգերի և կառուցակարգերի իմաստով պարզապես: Ինչ վերաբերում է ընդդիմության հրաժարվելուն, ես կրկին զարմանում եմ, որովհետև ընդդիմությունը մշտապես խոսում է տարբեր դրվագների մասին, մեղադրանքներ է հնչեցնում, իշխանությանը մեղադրում է ստելու մեջ, ընդհուպ, բայց արի ու տես, որ խուսափում է ցանկացած հնարավորությունից, որտեղ կարող է ուղիղ վարչապետին հարց ուղղել և ստանալ պատասխան: Օրինակ՝ հարցուպատասխանները Ազգային ժողովում, հիմա էլ արդեն քննիչ հանձնաժողովի նիստը, երբ, փաստորեն, առաջին անգամ նիստը կհեռարձակվի եթերով, վարչապետը վստահաբար կհնչեցնի բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք ամենայն հավանականությամբ չեն էլ լսվել: Ընդդիմությունն ունի բացառիկ հնարավորություն հարցեր ուղղելու վարչապետին, եթե ընդդիմությունը ճիշտ է, ապա բացահայտելու իր պատկերացրած սուտը, բայց արի ու տես, ընդդիմությունը խուսափում է ճշմարտությունից հերթական անգամ, և, պարզապես, կրկին, կարելի է ասել՝ խուսափում է նաև պատասխանատվությունից, և սա գալիս է փաստելու, որ ընդդիմության հիմնական նարատիվները կապ չունեն իրական օրակարգերի հետ։
Հեղինակ՝ Աննա Զախարյան