ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցի ժամանակ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը լրագրողի հարցին, թե արդյոք Արևմուտքի կողմից տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը խոչընդոտելու փորձեր Մոսկվան նկատո՞ւմ է, նշել է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ ունեցած բանակցություններից հետո Շառլ Միշելի հայտարարություններից նման խնդիր նկատվում է:
Փոխվարչապետը հավելել է, որ այն հարթակը, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հնարավորություն է տվել գրանցել ամենամեծ առաջընթացը: Փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից դուրս գալն ակնհայտ բացասական հետևանքներ կունենա բոլորի համար՝ շեշտել է Ռուսաստանի փոխվարչապետը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտիների հարցին՝ Օվերչուկը հայտարարել է, որ հիմա ԵԱՏՄ-ն շատ մոտ է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը, այն կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ընդհանուր շուկաների, միասնական մաքսային տարածքի առկայության դեպքում ազատ առևտրի գոտիների վերաբերյալ բոլոր բանակցությունները ցանկացած երկրի հետ վարում է ոչ թե Ռուսաստանի Դաշնությունը, այլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
«Բանակցությունների ժամանակ հաշվի են առնում տարբեր շահեր: Մեր դեպքում ներգրավված են ԵԱՏՄ անդամ բոլոր հինգ երկրների, նրանց բիզնեսի ու սպառողների շահերը։ Ինչպես ընդունված է ԵԱՏՄ-ում, ամեն ինչ որոշվում է հինգ երկրի կոնսենսուսի հիման վրա»,- ասել է Օվերչուկը:
Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ ԵԱՏՄ-ում կան մի շարք համաձայնագրեր, որոնց շուրջ բանակցություններ են վարվում: Դա Եգիպտոսն է, Հնդկաստանը, Ինդոնեզիան և ԱՄԷ-ն:
Լրագրողի հարցին, թե արդյոք ճի՞շտ են տարբեր աղբյուրներում հայտնված տեղեկությունները, որ աշխատանք է տարվում ԵԱՏՄ միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ, Օվերչուկը նշել է՝ նման հարց երբեք օրակարգում չի եղել։