Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ ներկա են եղել Համաշխարհային բանկի «21-րդ դարի դատական իշխանության ձևավորում և կարևորագույն ակտիվների ամրապնդում. Դատական ծառայությունների համար ՏՀՏ-ներ և ֆիզիկական ենթակառուցվածքներ» խորագրով աշխատաժողովին:
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ ողջունելով աշխատաժովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է Արդարադատության նախարարության և Համաշխարհային բանկի միջև իրականացվող համագործակցությունն ու նշել, որ այն ունենում է իր դրական ազդեցությունը ՀՀ արդարադատության համակարգի վրա: Լևոն Բալյանն ընդգծել է, որ չնայած վերջին տարիներին ՀՀ արդարադատության համակարգի զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին՝ դեռ առկա են մարտահրավերներ՝ անկախության, արդյունավետության և որակի առումներով:
Նախարարի տեղակալի խոսքով՝ ըստ նախորդ տարի ընդունված՝ Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության՝ նախարարությունը նպատակ ունի շարունակել և ընդլայնել ռազմավարական միջոցառումների իրականացման ուղղությամբ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Լևոն Բալյանը նշել է նաև, որ այս համատեքստում՝ մասնավորապես դատական բարեփոխումների և թվայնացման մի շարք ուղղություններով առկա է համագործակցություն Համաշխարհային բանկի հետ:
Նախարարի տեղակալը մատնանշել է ՀԲ-ի հետ իրականացվող և մեկնարկային փուլում գտնվող վարկային ծրագիրը, որն ուղղված կլինի դատարանների ստանդարտացմանը և արդյունքում կհանգեցնի քաղաքացիների համար առավել հասանելի դատարանների ապահովմանը։ Լևոն Բալյանը նշել է նաև, որ վերջնանպատակն այն է, որ ապահովվի նիստերի դահլիճի նույնական տեսքը՝ անկախ, օրինակ՝ Երևանում կամ հեռավոր մարզում գտնվելու հանգամանքից:
Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրել է մեկնարկային փուլում գտնվող ծրագրի բաղադրիչները՝ նշելով, որ նախ ուսումնասիրվելու են ՀՀ բոլոր՝ 47 դատարարնների շենքային պայմանները և ըստ այդմ մշակվելու են միջազգային փորձին համապատասխան ու տեղայնացված ստանդարտներ՝ դատավորների և քաղաքացիների համար ապահովելու գործերի քննության պատշաճ պայմաններ:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ու փորձագետները ներկայացրել են դատարանների շենքերի ստանդարտների միջազգային լավագույն փորձը և նշել, որ նման երկարաժամկետ բարեփոխումների մոտեցումը ողջունելի է և այժմյան դատական համակարգի համար հանդիսանում է անհրաժեշտություն:
Ամփոփելով՝ Լևոն Բալյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ հետագա արդյունավետ համագործակցության մասով: