Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտների մասին։
Հարցին, թե ե՞րբ կարող են կարգավորվել բոլոր վիճելի հարցերը վերջնականապես, Օվերչուկը պատասխանել է.
«Մենք հանդիպել ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, որի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ, որում հայտարարված է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որն անցնելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով:
Հիմնվելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգալից վերաբերմունքի վրա՝ սահմանվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի հիմնական մոտեցումները: Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այդ ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում են գտնվում։ Այսպիսով, տվյալ ճանապարհի նկատմամբ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական օրենսդրությունը, Հայաստանում՝ հայկականը։
Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով երկու պետությունների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները, այս ամենը պետք է ամրագրվի։
Աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և սկսել խոսել տրանսպորտային կապերի վերականգնման մասին՝ ռազմական գործողությունների դադարից գրեթե անմիջապես հետո։ Մեր պարագայում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և դրան հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն ստեղծելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով կսկսվի նորմալ կյանք և առևտուր»։