Ռուսաստանի փոխվարչապետի հավաստմամբ՝ Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման գործընթացը կսկսվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնմամբ: Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբերի հանդիպումների արդյունքում ձևավորվել է ընդհանրական փաստաթուղթ: Օվերչուկը նաև նշել է, թե ինչու են դանդաղ ընթանում բանակցությունները, համաձայնության ձեռքբերմանը խանգարող ինչ գործոններ կան:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի մասին։ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով հանդիպումների արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ։
Այնտեղ նշվում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որն անցնելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով: Ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից՝ սահմանվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգին վերաբերող հիմնական մոտեցումները։
Կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում, որ ճանապարհի առանձին հատվածները պետք է լինեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքով անցնում են։ Այսինքն՝ ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, սակայն հաշվի առնելով երկկողմ հարաբերությունները՝ այս ամենը պետք է ամրագրվի։
Շարունակելով միտքը՝ Օվերչուկը նկատել է. «Աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և սկսել խոսել տրանսպորտային կապերի վերականգնման մասին՝ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե անմիջապես հետո»:
Նրա խոսքով՝ բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն ստեղծելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով մարդիկ կտեղաշարժվեն, ապրանքներ կտեղափոխվեն, կսկսվեն բնականոն կյանքը, առևտուրը, և նախկին խնդիրներն աստիճանաբար հետին պլան կմղվեն։ Ալեքսեյ Օվերչուկը մատնանշել է, իր կարծով, գլխավոր խնդիրը.
«Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ են անցնելու այդ ճանապարհով։ Սակայն ինչպե՞ս են նրանք շփվելու իրար հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով անցնելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որի համար մենք միասին ցանկանում ենք այնպիսի պատասխան գտնել, որ վստահ լինենք՝ այլ երկրի տարածքում այդ մարդկանց հետ որևէ վատ բան չի պատահի։ Իհարկե, բոլորիս վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեին»։
Ալեքսեյ Օվերչուկի համոզմամբ՝ փաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է եռակողմ աշխատանքային խմբի մակարդակով: Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպման շրջանակում Հայաստանի վարչապետի հետ քննարկումներ են եղել: Օվերչուկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է առկա բոլոր հարցերին։ Շատ բան հստակեցված է՝ նկատել է Օվերչուկն ու հավելել, որ որոշ հարցեր դեռ մնում են, և դրանք պետք է քննարկվեն ադրբեջանական կողմի հետ:
Թե ե՛րբ կլինի ապաշրջափակումը, դեռ ոչ ոք հստակ պատասխան չի կարող տալ։ Կլինի այն ժամանակ, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր հայերի և ադրբեջանցիների կողմից։
Հայաստանի համար այս երկաթուղու բացումն առանցքային նշանակություն ունի։ Հայաստանի տնտեսությունը շատ ակտիվ աճ է գրանցում. նախորդ տարի այն կազմել է 12,6%։ Սա աշխարհում ամենաբարձր տնտեսական աճի տեմպերից մեկն է, և բոլորը հասկանում են, որ այս տնտեսական հրաշքի պատճառները հայ ձեռներեցների ձեռնարկատիրական որակներն են և Ռուսաստանի ու ԵԱՏՄ այլ երկրների խոշոր տնտեսություններ անարգել մուտքի հնարավորությունը։
ՌԴ-Ն ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
Ալեքսեյ Օվերչուկը շեշտել է, որ տնտեսության նման ընդլայնումը պահանջում է համապատասխան զարգացած տրանսպորտային հաղորդակցություն՝ ապահովելու Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ, միևնույն ժամանակ, Հայաստանը դիտարկում է Ռուսաստանը որպես իր հիմնական շուկա։
Հարցազրույցի ընթացքում լրագրողի հարցին, թե արդյոք Արևմուտքի կողմից տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը խոչընդոտելու փորձեր Մոսկվան նկատո՞ւմ է, Օվերչուկը նշել է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ ունեցած բանակցություններից հետո Շառլ Միշելի հայտարարություններից նման խնդիր նկատվում է: Օվերչուկը հավելել է, որ այն հարթակը, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հնարավորություն է տվել գրանցել ամենամեծ առաջընթացը:
Փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից դուրս գալն ակնհայտ բացասական հետևանքներ կունենա բոլորի համար՝ շեշտել է Ռուսաստանի փոխվարչապետը:
Լրագրողի հարցին, թե ե՛րբ է նախատեսվում աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը, Օվերչուկը նշել է, որ աշխատանքային խումբը 2,5 տարվա ընթացքում չի մշակել հանդիպումների հստակ ժամանակացույց, սակայն աշխատանքներն իրականացվում են գրեթե ամեն օր։
Հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի փոխվարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի հետ տնտեսական համագործակցությանը: Օվերչուկը հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, ինչպես նաև Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպման ժամանակ, Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտիների հարցին՝ ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ հիմա ԵԱՏՄ-ն շատ մոտ է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը, այն կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։
Լրագրողի հարցին, թե արդյոք ճի՞շտ են տարբեր աղբյուրներում հայտնված տեղեկությունները, որ աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ, Օվերչուկը նշել է՝ նման հարց երբեք օրակարգում չի եղել։