ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը: «ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ձգտում նոր սառը պատերազմի և չի ցանկանում փոխել չինական համակարգը։
Չինաստանի նախագահն էլ հույս է հայտնել, որ Պեկինին և Վաշինգտոնին կհաջողվի հաղթահարել հարաբերություններում առկա դժվարությունները, քանի որ խոշոր տերությունների մրցակցությունը չի համապատասխանում ժամանակի միտումներին։ «Մարդկության ապագան ու ճակատագիրը կախված են նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն ու Չինաստանը կկարողանա՞ն գտնել համակեցության ճիշտ ուղին»,- ընդգծել է Սի Ծինփինը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հանդիպել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Վան Յիի հետ: Փակ դռների հետևում անցկացված բանակցություններից հետո չինացի պաշտոնյան հայտարարել է, որ «Պեկինը փոխզիջումների ու զիջումների չի գնա Թայվանի հարցում», և պահանջել է, որ Վաշինգտոնը չչափազանցնի այսպես կոչված չինական սպառնալիքը, չեղարկի Պեկինի դեմ անօրինական միակողմանի պատժամիջոցները, դադարեցնի Չինաստանի տեխնոլոգիական զարգացման ճնշումը և չմիջամտի երկրի ներքին գործերին։
Բլինքենը հանդիպել է նաև Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ: ԱՄՆ պետքարտուղարությունն այդ բանակցությունները բնութագրել է անկեղծ, առարկայական և կառուցողական: