Միացյալ Նահանգների ընդլայնված պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն հունիսի 18-ից, կարող են փակել արևմտյան էներգետիկ սարքավորումներ արտադրողների վերջին հնարավորությունը՝ շարունակել իրենց գործունեությունը Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը։
Ինժեներական ծառայությունների մատուցման արգելքը կանդրադառնա հատկապես ամերիկյան General Electric (GE) ընկերության վրա, որը շարունակում է Ռուսաստանի ՋԷԿ-երին սպասարկել գազատուրբիններ՝ ընդհանուր 5 գիգավատ հզորությամբ։ Коммерсантъ-ի զրուցակիցները մտավախություն են հայտնել, որ նոր միջոցները կհանգեցնեն օրիգինալ պահեստամասերի մատակարարման դադարեցմանը, որոնց նմանը չկա Ռուսաստանում։ Հրապարակման աղբյուրներից մեկը չի բացառել, որ ամերիկյան ընկերությունները նաև կփակեն գծագրերի և տվյալների բազաների հասանելիությունը, առանց որոնց օտարերկրյա մասնագետները չեն կարողանա ստուգումներ և վերանորոգումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում:
GE-ն Коммерсантъ-ին հաստատել է, որ ընկերությունն այլևս չի կարողանա ինժեներական ծառայություններ մատուցել Ռուսաստանում: Դրանք ներառում են անհրաժեշտ պարագաների վերանորոգում և փոխարինում, հեռակա մշտադիտարկում, խորհրդատվություն և ստուգումներ՝ արտադրողի մասնագետների ներգրավմամբ: