Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հայտնել են, որ չեն մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վաղը կայանալիք նիստին, որին մասնակցելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմադիրները իրենց որոշումը հիմնավորում են նրանով, որ քննիչ հանձնաժողովի ձևավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն, քանի որ, նրանց համոզմամբ, իշխող ուժի՝ ճնշող մեծամասնություն ունեցող հանձնաժողովն ի զորու չէ առարկայական քննել սեփական իշխանության, կառավարության գործունեությունը։
Բացի այդ նշում են, որ քննիչ հանձնաժողովները ձևավորվում և ձևավորվել են կա՛մ ընդդիմության, կա՛մ խնդրո առարկա հարցի շուրջ շահերի բախում չունեցող ուժի կողմից, ինչպես եղավ Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրելու պարագայում։ Իշխանությունը քննություն անցկացնելու համար ունի վարչական, իրավական, դատական բոլոր գործիքներն ու հնարավորությունները։
Նրանք ավելացնում են, որ համապարփակ, ամբողջական և հանրային վստահություն ունեցող, Ազգային ժողովից դուրս, համախոհությամբ և համաչափությամբ հանձնաժողով ձևավորելու համար ընդդիմությունը հանդես էր եկել նոր որակի և կառուցվածքի քննիչ հանձնաժողով ձևավորելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ, որն էլ մերժվել է իշխանությունների կողմից։