Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստում Լաչինի հարցով քննարկում անցկացնելու որոշմանը բացասաբար է արձագանքել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:
«Այս թեմայով կազմակերպվող քննարկումն ավելի շուտ գլխացավանք կարող է առաջացնել։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ մենք այնքան ենք մոտեցել խաղաղությանը, որ այս միջամտությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակը չէ նման հարց քննարկելու համար»,- ասել է Սեիդովը։
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի մտահոգությանը.
«Անկախ նրանից, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության հարցով, ցանկացած քննարկում, որը վերաբերում է հումանիտար հարցերին, Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին, կարևոր է և չի կարող վնասել բանակցություններին»։