Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում, ասել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցի ժամանակ։
«Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպե՞ս են նրանք փոխազդելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս պետք է ապահովել նրանց անվտանգությունն այլ պետության տարածքով շարժվելիս, որ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել: Եվ, իհարկե, բոլորիս վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեցվեին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկը նշել է, որ փաստաթղթի մշակման գործում ներգրավվում են տարբեր ոլորտների փորձագետներ, իսկ նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է փոխվարչապետների մակարդակով, թեև հիմնական հարցը՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ աշխատանք է պահանջում։
«Եվրասիական միջկառավարական խորհրդի ժամանակ կայացավ իմ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ժամանակ նա շատ մանրամասն անդրադարձավ եռակողմ խմբի հանդիպումից հետո մնացած բոլոր հարցերին։ Շատ բան հստակեցված է, բայց ինչ-որ հարցեր դեռ մնում են և պահանջում են հետագա քննարկում ադրբեջանական կողմի հետ»,- հավելել է Օվերչուկը։