Ամբողջ շաբաթվա ընթացքում Հայաստանի ուղղությամբ կրակող Ադրբեջանի մարտավարությունն է թեժ պահել սահմանը ու նաև սառը պատերազմին հատուկ տեխնոլոգիաներով անդադար հայտարարել, որ այդ Հայաստանն է ապակառուցողական, չի ուզում խաղաղություն ու կրակում է «խաղաղասեր» ադրբեջանցիների վրա:
Ադրբեջանի թիրախում ամբողջ սահմանագոտին է. Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանը, Գեղարքունիքում Սոթքն ու մերձակա տարածքները, Սյունիքում հիմնականում Տեղն ու Կոռնիձորը, որին մոտ՝ Հագարիի կամրջի եզրին, դրոշ տեղադրելու ադրբեջանական փորձերն ավարտվեցին յուրաքանչյուր կողմից մեկ ծառայողի վիրավորմամբ:
Արցախի նկատմամբ Բաքվի գործողություններում ևս նորություն չկա. սադրանք՝ հետո մեղքը դիմացինի վրա բարդող հաղորդագրություններ: Թե պաշտոնական Երևանը, թե փորձագետները համոզված են՝ մեկումեջ կրակոցների ու դրանցում արցախցիներին մեղադրող քաղաքականության նպատակը պաշտպանության բանակի կազմալուծումն ու նոր հարձակման համար հող նախապատրաստելն է:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան