Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանում կանխատեսում է 4.4 տոկոս տնտեսական աճ: Սա արտացոլված է օրեր առաջ հրապարակված՝ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում: Նախորդ նույնանուն զեկույցի համեմատ կանխատեսումը բարձրացվել է 0.3 տոկոսով: Վրաստանում ևս 4.4 տոկոս աճ են սպասում, 0.4-ով ավելի նախորդից, Թուրքիայում՝ 3.2, կես տոկոսով ավելի քան անցյալ կանխատեսմամբ, իսկ Ադրբեջանում կանխատեսվում է 2.2 տոկոս տնտեսական աճ, ինչը նվազեցվել է 0.6 տոկոսով:
Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար) - Բավական զգուշավոր ցուցանիշ է, և չի բացառվում՝ հետագայում այն վերանայվի: Հիմնական ռիսկերը, եթե մենք դիտարկում ենք զեկույցում արտացոլված այդ տվյալները, տեսնում ենք, որ կապում են հայ-ադրբեջանական սահմանային գոտում ստեղծված լարված իրավիճակով, ինչը որոշակիորեն զսպում է տնտեսական աճը նաև այս տարածաշրջաններում, իսկ Ադրբեջանի մասով կրկնակի ցածր է այդ աճը:
Նախորդ տարի ևս կառույցի կանխատեսումը զգուշավոր էր՝ 5-6 տոկոս, սակայն արդյունքը 12.6 տոկոս տնտեսական աճն էր,- ընդգծում է Սարգսյանը:
Կարեն Սարգսյան - Եթե միտումները պահպանվեն, կարծում եմ՝ սեպտեմբերյան կանխատեսման զեկույցում կարտացոլվի ավելի բարձր աճ, քան ներկայումս:
Մասնագետների կարծիքով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության պոտենցիալին մոտ աճ է կանխատեսել, սակայն վերջին 2 տարում այս առումով իրավիճակ է փոխվել, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Եթե նախկինում մեր տնտեսական պոտենցիալը 4-4.5 տոկոսի մասին էր վկայում, ապա վերջին զարգացումներով, վերջին գնահատականներով և ստեղծված իրավիճակի շարունակական պահպանման պարագայում մենք արդեն կարող ենք խոսել ավելի բարձր տնտեսական աճի մասին, որը, օրինակ ըստ ԿԲ-ի հրապարակումների, բարելավել է 1-2 տոկոսային միջակայքով:
Ըստ Համաշխարհային բանկի՝ աշխարհի տնտեսությունն այս տարի կաճի 2.1 տոկոսով: ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու եվրոգոտու զարգացած տնտեսությունները 2023-ին կաճեն ընդամենը 0.7 տոկոսով՝ 2022-ի 2.6-ի փոխարեն: Իսկ զարգացող տնտեսություններում ՀՆԱ-ն կաճի մինչև 4 տոկոս, ինչը վերջին հինգ տասնամյակի աճի ամենաթույլ տեմպերից մեկն է:
Հայկ Բեջանյան - Զեկույցի կանխատեսումային հիմնական թելը ֆիքսվում է աշխարհաքաղաքական զարգացումների վրա, և եթե պահպանվեն էն տենդենցները, էն զարգացումները, որոնք էս պահին ունենք, իսկ էս պահին ընդհանուր ամբողջ համաշխարհային տնտեսության մեջ որոշակի կայունացման միտումներ են երևում, ապա հնարավոր կլինի ասել, որ տնտեսությունները կարողացել են հաղթահարել էս խոշոր շոկերը: Սա երևում է նաև հիմնական խաղացողների տնտեսական ցուցանիշներից, մասնավորապես, եթե Ռուսաստանի համար տարեսկզբին 2-2.5 տոկոսանոց տնտեսական անկում էր, ապա էսօր այդ անկումը շատ մոտ է զրոյին:
Մինչդեռ, Համաշխարհային բանկի խմբի գլխավոր տնտեսագետ Ինդերմիտ Գիլի համոզմամբ, գլոբալ տնտեսությունը շարունակում է մնալ խարխլված. բարձր գնաճի, պարտքի ռեկորդային մակարդակի պատճառով շատ երկրներ պարզապես աղքատանում են:
Ինդերմիտ Գիլ (Համաշխարհային բանկի խմբի գլխավոր տնտեսագետ) - Նոր վտանգներն սպառնում են ավելի վատթարացնել իրավիճակը: Չնայած համաշխարհային տոկոսադրույքների ամենաարագ աճին, չորս տասնամյակի ընթացքում գնաճը մնում է բարձր: Գնաճը թիրախավորող կենտրոնական բանկերի մեծ մասում նույնիսկ մինչև 2024 թվականի վերջը այն կմնա նախատեսված միջակայքից բարձր: Տնտեսությունների մեծ մասում քաղաքականություն մշակողները պետք է լինեն բացառիկ արագաշարժ՝ դիմակայելու այն ռիսկերին, որոնք առաջանում են տոկոսադրույքների բարձրացումից:
Կառույցի կանխատեսմամբ՝ համաշխարհային տնտեսությունը 2024-ին կաճի 2.4, իսկ 25-ին՝ 3 տոկոս:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան