Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ: Փաստաթղթում ներկայացվել են ոչ միայն մարդկանց հիմնարար իրավունքների խախտումները, այլև պետական բարձր մակարդակով իրականացվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Լաչինի միջանցքի փակումն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակը Անահիտ Մանասյանը համարում է որպես այդ քաղաքականության դրսևորում:
Անահիտ Մանասյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Ադրբեջանն ունի արմենաֆոբիայի շատ լուրջ քաղաքականություն, որի շարունակականությունը նաև այս գործողությունների հետ համադրված, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետ համադրված, ոչ միայն շարունակում է և շարունակելու է հանգեցնել մարդու իրավունքների խախտումների, այլև հանգեցնելու է Արցախի հայ բնակչության զտմանը:
Զեկույցում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային և քաղաքական գործիչների հայտայաց արտահայտություններով հայտարարություններին, անցակետի տեղադրմանն ադրբեջանական հանրության արձագանքին։ Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր Ադրբեջանի պաշտոնյաների հայտատարությունները վկայում են, որ ինչպես այսպես կոչված «էկո-ակտիվիստների» ցույցերը, այնպես էլ անցակետի տեղադրումը հետապնդում են արցախահայերին կենսական անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից զրկելու նպատակ՝ այդպիսով ստեղծելով հումանիտար ճգնաժամ և հարկադրելով անձանց լքել իրենց տները։ Հենց սա է Պաշտպանի արտահերթ զեկույցի հիմնական շեշտադրումը, որ Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրը չի կարող դիտարկվել ընդամենը մարդկանց իրավունքների խախտման տեսանկյունից, այլ խնդիրը ադրբեջանական հայատյաց քաղաքականության համատեքստում է:
Անահիտ Մանասյան - Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք անում ոչ միայն ադրբեջանական սոցիալական ցանցերը, այլ նաև պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող մտքերի, գաղափարների, տարածվող տեղեկության հետ կապված և այս առումով կարող եմ հստակ արձանագրել, որ, այո, արմենոֆոբիայի շատ լուրջ քաղաքականությունը, որը քաղաքակիրթ աշխարհի շատ լուրջ արժեքների խախտում է:
Զեկույցում ներկայացված են նախագահ Իլհամ Ալիևից մինչև Միլի մեջլիսի պատգամավորներից ուղիղ մեջբերումներ: Ատելության խոսքից բացի, զեկույցն անդրադառնում է նաև արցախահայությանն ուղղված սպառնալիքներին։ Իսկ զեկույցից դուրս Պաշտպանը հիշեցնում է՝ Ադրբեջանն անտեսում է անցակետը վերացնելու՝ միջազգային կառույցների հորդորները, չի կատարում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի 2 որոշումները: Հայաստանի հայցի վերաբերյալ դատարանի 2021-ի որոշմամբ՝ Բաքուն պետք է միջոցներ ձեռնարկեր՝ կանխելու ռասայական հիմքով ատելության և խտրականության հրահրումը հայերի դեմ: Հաագայի դատարանի՝ 2023-ի փետրվարի 22-ի որոշմամբ Բաքուն պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը:
Անահիտ Մանասյան - Հաշվի առնելով, որ Օմբուդսմանական հաստատություններից ներկայացվող տեղեկատվությունը համարվում է օբյեկտիվ, քանի որ ներկայացվում է ապաքաղաքական և անկախ պաշտոնատար անձի կողմից, նման զեկույցները նախ կարևոր իրավական գործիք են: Նման զեկույցներն ու արձանագրումները կարող են օգտագործվել: Բացի իրավական շրջանակներում օգտագործվելուց, շատ կարևոր է, որ դրանք կարող են օգտագործվել քաղաքական գործընթացների շրջանակում, բանակցային գործընթացում, ինչը հարցի լուծման առումով ունի շատ կարևոր նշանակություն:
Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը հրապարակվել է անգլերեն, ուղարկվել միջազգային կազմակերպություններին: