Լոնդոնում անցկացվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի պաշտոնական ծննդյան օրվան նվիրված զորահանդեսը։ Երթը մեկնարկել է միապետի նստավայրից՝ Բուքինգհեմյան պալատից։ Թագավորը ևս մասնակցել է շքերթին, նրան միացել են գահաժառանգ, Ուելսի արքայազն Ուիլյամը, արքայադուստր Աննան և Էդինբուրգի դուքս, արքայազն Էդվարդը։ Թագուհի Կամիլան և Ուելսի արքայադուստրը հետևել են երթին կառքով:
Հազարավոր լոնդոնցիներ դուրս են եկել փողոցներ՝ ներկա գտնվելու միջոցառմանը և շնորհավորելու միապետին:
Հետաքրքիր է, որ Չարլզ III-ը ծնվել է նոյեմբերի 14-ին: Համարվում է, որ միապետի երկու ծննդյան տոն նշելու ավանդույթը եկել է Ջորջ II-ի ժամանակներից, որը ծնվել էր նոյեմբերին, սակայն որոշել էր, որ ծնունդը կնշի ամռանը, երբ եղանակն ավելի լավն է, և տոնակատարություններին ոչինչ չի խանգարում։ Եղիսաբեթ II-ը 1953 թվականի հունիսի 2-ին թագադրման ժամանակ որպես իր պաշտոնական ծննդյան ամիս էր ընտրել հունիսը, Չարլզ III-ը որոշել է հետևել մոր օրինակին:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԱԿՐՈՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱՆՁԸ
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվել է Բուրգունդիայում նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձ կատարելու համար մեղադրվող անձը: Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 27-ին՝ Հայիթիի հեղափոխության առաջնորդի հիշատակին նվիրված արարողությունից հետո: Մի շարք քաղաքացիներ միջոցառման վայրի մոտ բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով չեղարկել կենսաթոշակային բարեփոխումները: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին եղել, անհայտ անձը պայթուցիկ էր նետել Մակրոնի ուղղությամբ:
Հետաքննությունը պարզել է, որ անհայտ անձը 20-ամյա ատաղձագործ է, ձախ հայացքների տեր ակտիվիստ: Երիտասարդն ընդունել է մեղքը:
ԿԱՅԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Դիվանագետներն ընդգծել են երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը: Նրանք պայմանավորվել են խորացնել երկկողմ հարաբերությունները:
Իլիա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: Ըստ վրացական կողմի՝ պաշտոնյաները նշել են աշխարհում խաղաղության հաստատման կարևորությունը:
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐԱՆՈՒՄ Է
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Թեհրան, հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Լրատվամիջոցների տվյալով՝ որոշում է կայացվել քաղաքական և տնտեսական հանձնաժողովներ ստեղծել՝ տարբեր ոլորտներում գործակցությունը խթանելու նպատակով։
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը նաև հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգությունը կարող են ապահովել միայն տարածաշրջանի երկրները:
ԲԱՔՈՒՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՎԻԶԱ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Բաքուն 2023 թվականի հունիսի 23-ից կդադարեցնի վիզաների տրամադրումն Իրանի քաղաքացիներին Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում, ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարի հայտարարության մեջ։ Այխան Հաջիզադեի խոսքով՝ Ադրբեջան այցելել ցանկացող Իրանի քաղաքացիները պետք է նախապես վիզա ստանան Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում կամ Ադրբեջանի նախագահին կից՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման պետական գործակալությունում։
ԽԵՐՍՈՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ
Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունից հետո հեղեղված Խերսոնի շրջանում ջրի մակարդակը շարունակում է նվազել, հայտնում է ուկրաինական կողմը։ Սակայն դեռ հեղեղված է մնում Դնեպրի աջ ափին գտնվող 11 և ձախ ափին գտնվող 17 բնակավայր։ Այժմ աղբահանություն և ծառերի հեռացում է իրականացվում:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնել են, որ Խերսոնի շրջանում ջրից մաքրվել է ավելի քան 4 հազար բնակելի տուն և սոցիալական նշանակության 54 օբյեկտ։ Ռուսական կողմի տվյալով՝ տարհանվել է ավելի քան 7,800 մարդ: Հաղորդվում է 40-ից ավելի զոհերի և վիրավորների, ինչպես նաև անհետ կորածների մասին:
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ 5000 ԲՆԱԿԱՎԱՅՐ ԶՐԿՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Հնդկաստանը հայտնվել է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով երկրի արևմտյան շուրջ 5000 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Հայտնի է վիրավորների և զոհերի մասին: Տարհանվել է 100 հազարից ավելի մարդ:
Գուջարաթի առողջապահության նախարարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 13400 հեկտար տարածք:
Ցիկլոնի պատճառով հորդառատ անձրևներ են նաև Պակիստանում, որոշ բնակավայրերի բնակիչներ ևս տարհանվել են: