Լոնդոնում անցկացվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի պաշտոնական ծննդյան օրվան նվիրված զորահանդեսը։ Երթը մեկնարկել է միապետի պաշտոնական նստավայրից՝ Բուքինգհեմյան պալատից։
Չարլզ III-ը ևս մասնակցել է շքերթին: Նրան միացել են գահաժառանգ, Ուելսի արքայազն Ուիլյամը, արքայադուստր Աննան և Էդինբուրգի դուքս արքայազն Էդվարդը։ Թագուհի Կամիլան և Ուելսի արքայադուստրը կառքով հետևել են երթին:
Հազարավոր լոնդոնցիներ դուրս են եկել փողոցներ՝ ներկա լինելու միջոցառմանը և շնորհավորելու թագավորին:
Հետաքրքիր է, որ Չարլզ III-ը ծնվել է նոյեմբերի 14-ին: Համարվում է, որ միապետի երկու ծննդյան տոն նշելու ավանդույթը եկել է Ջորջ II-ի ժամանակներից, որը ծնվել էր նոյեմբերին, սակայն որոշել էր, որ ծնունդը կնշի ամռանը, երբ եղանակն ավելի լավ է, և տոնակատարություններին ոչինչ չի խանգարում։