ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄՐԱՊՆԴՎԻ
Իրանի Զանջան նահանգ այցի ընթացքում Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Սոբհանին հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ամրապնդել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները։ Նա նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն արդեն գերազանցել է 700 միլիոն դոլարը:
«Թեհրանը ցանկանում է այդ թիվը հասցնել երեք միլիարդ դոլարի»,- հավելել է դեսպանը։
Պաշտոնյան նաև շեշտել է, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, Իրանի համար դարպաս է դեպի 200 միլիոնանոց շուկա:
ԹԲԻԼԻՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ
Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։
«Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակնում Թբիլիսին նախկինում քայլեր է ձեռնարկել հարևան երկու երկրի միջև կառուցողական երկխոսություն խթանելու ուղղությամբ։ Պատրաստ ենք շարունակել ջանքեր գործադրել այդ հարցում», - նշել է Իլյա Դարչիաշվիլին:
Նա համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված Թբիլիսիի ջանքերը օրինաչափ են և հետագայում էլ արդյունավետ կլինեն:
ՄՇՏԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆՔ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՀԵՏ. ՕՎԵՐՉՈՒԿ
Մոսկվան Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով գրեթե ամեն օր կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, երկխոսության հարթակ է ապահովում Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համար: Ես երբեք չեմ պատասխանում հարցին՝ կոնկրետ երբ տեղի կունենա ապաշրջափակումը: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերը համաձայնության գան»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նաև տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ մի շարք հարցեր է քննարկել, որոնք Մոսկվայում եռակողմ հանդիպումից հետո չլուծված էին մնացել։
ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով: Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել աշխատել միասին` մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար»,- նշել է նա:
Պաշտոնական Վաշինգտոնը վերահաստատել է գնահատականը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է:
«Սպասում ենք կողմերի հանդիպմանը` նոր առաջընթացի համար»,- նշել է Միլլերը:
ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ 90 %-Ն ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՌՈՒԲԼՈՎ. ՊՈՒՏԻՆ
ԵԱՏՄ երկրների հետ հաշվարկների շուրջ 90% - ն իրականացվում է ռուբլով, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
«Ակտիվորեն զարգացնում ենք առևտուրը ազգային արժույթներով, առաջնահերթությունը տալիս ենք հարևաններին», - հավելել է Կրեմլի ղեկավարը։
Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը: Պուտինը պնդել է՝ ՆԱՏՕ-ն, զենք մատակարարելով Կիևին, ներքաշվում է պատերազմի մեջ:
Ռուսաստանի նախագահը նշել է, թե բոլորը սպասում են, որ Մոսկվան ինչ-որ կոճակներ է սեղմելու:
«Մենք միջուկային զենք կիրառելու կարիք չունենք: Տեսականորեն դա հնարավոր է, եթե ռուսական պետության գոյությանը վտանգ սպառնա», - զգուշացրել է Վլադիմիր Պուտինը:
Նա հավելել է, որ ուկրաինական կողմը հակահարձակման նորանոր փորձեր է անում, այժմ մարտեր են, այդ թվում` Զապորոժիեի ուղղությամբ, սակայն, Պուտինի պնդմամբ, Կիևը ոչ մի շանս չունի և իր նպատակներին չի կարող հասնել:
Ավելի վաղ՝ NBC News-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մշտապես կապի մեջ է զինվորականների հետ, և ռազմաճակատից, ընդհանուր առմամբ, դրական լուրեր են ստացվում:
ԱՖՐԻԿՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ԿԻԵՎՈՒՄ Է
Սենեգալի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահների գլխավորած աֆրիկյան պատվիրակությունը խաղաղության առաքելությամբ Ուկրաինայում է: Պատվիրակության կազմում են նաև Զամբիայի, Սենեգալի, Կոմորյան կղզիների նախագահները, Եգիպտոսի վարչապետն ու Ուգանդայի արտգործնախարարը:
Կիևյան հանդիպումների օրակարգում Ուկրաինայում պատերազմն ավարտելուն ուղղված աֆրիկյան խաղաղության ծրագիրն է: Պատվիրակությունը կմեկնի նաև Ռուսաստան՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ և քննարկելու իրենց առաջարկը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Կիևն այսօր ենթարկվել է հրթիռակոծության, ինչ պատճառով աֆրիկյան պատվիրակությունը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում:
Ուկրաինական կողմը հայտնում է, որ Կիևում ՀՕՊ համակարգերը 10-ից ավելի անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Մայրաքաղաքում կան տուժածներ և ավերածություններ: Հարվածներ են հասցվել նաև Խերսոնին, հաղորդվում է քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին: