Երևանի կենդանաբական այգին նոր բնակիչ ունի: Ամուրյան վագրերի ձագն արդեն յոթ օրական է: Այգու փոխտնօրենի խոսքով՝ դեպքը նշանավորվում է նրանով, որ վերջին 30 տարիներին այգում առաջին անգամ է վագր ծնվում։ Ձագին անձամբ ինքն է հետևում և խնամում:
Աշոտ Ասլանյան (Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն) - Չնայած փոքր է չափերով, բայց առողջ ձագ է, նորմալ սնվում է, 24-ժամյա հսկողության տակ է:
Նորածին վագրի մայրը՝ Լիլիթը, 7 տարեկան է, կենդանաբանական այգի է տեղափոխվել 2018 թվականին՝ մասնավոր հավաքածուից: Հայրը՝ Ամուրը, այս տարվա հունվարին է նվիրաբերվել: Ամուրի նվիրաբերումից հետո ծանոթացրել են կենդանիներին, երկուսն էլ միմյանց միանգամից հավանել են ու լավ ընտանիք կազմել: Ասլանյանի խոսքով՝ Լիլիթին կյանքի առաջին տարիներին ոչ ճիշտ պայմաններում խնամելու պատճառով կենդանին այգի էր տեղափոխվել առողջական լուրջ խնդիրներով, որոնք ազդեցություն են ունեցել հղիության ընթացքում: Ծնվել է երեք ձագ, սակայն նրանցից կենդանի է մնացել մեկը։
Ամուրյան վագրերն անհետացման եզրին են, ընդգրկված են միջազգային Կարմիր գրքում, բնության մեջ մնացել են քիչ քանակությամբ։ Ըստ Ասլանյանի՝ որպես անհետացող տեսակի բազմացման փաստ՝ այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական այգու։
Աշոտ Ասլանյան - Այդպիսի վտանգված անհետացող տեսակները, ինչպիսին ամուրյան վագրերն են, ընդհանրապես ցանկացած կենդանաբանական այգու համար այդպիսի կենդանու ծնունդը իրադարձություն է ուրախալի:
Կենդանաբանական այգուց խոստանում են՝ առաջիկայում ավելի լիարժեք ներկայացնել էգ ձագուկին, երբ մի փոքր կմեծանա։ Նաև հավելում են՝ ամուրյան վագրերի պահպանության ծրագրի միջազգային համակարգողն ու փորձագետները, ծանոթանալով Երևանի կենդանաբանական այգու պայմաններին, առաջարկել են նվիրել մաքրացեղ ամուրյան վագրեր: Բազմացման դրական փորձն ունենալով՝ այգու տնօրինությունը մտադիր է ընդունել առաջարկն ու ամուրյան էգ վագր բերել։
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան