Ուկրաինայի նախագահը երեկ ընդունել է խաղաղության առաքելությամբ Կիև մեկնած աֆրիկյան պատվիրակությանը, որի կազմում էին Կոմորյան կղզիների, Հարավաֆրիկյան Հանրապետության, Սենեգալի, Զամբիայի նախագահները, Եգիպտոսի վարչապետը, Կոնգոյի և Ուգանդայի նախագահների ներկայացուցիչները:
Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար աֆրիկյան երկրներն առաջարկում են հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ և բոլոր խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, անվտանգության երաշխիքներ տրամադրել երկու երկրին, ապահովել Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի և պարարտանյութերի արտահանումը, մարդասիրական աջակցություն ցուցաբերել տուժածներին, փոխանակել գերիներին, ավելի սերտ գործակցել աֆրիկյան երկրների հետ: Նաև ընդգծվում է, որ պետությունների ինքնիշխանությունը պետք է ապահովվի ըստ ՄԱԿ-ի կանոնադրության:
Աֆրիկյան պատվիրակության հետ հանդիպման շրջանակում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ հակամարտությունը չի կարող սառեցվել: Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկ անգամ կրկնել է՝ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն ուկրաինական տարածքներից: «Միայն դա կարող է դադարեցնել պատերազմը և միայն դրանից հետո մենք պատրաստ կլինենք բանակցել»,- շեշտել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններից հետո այսօր պատվիրակությունը մեկնում է Ռուսաստան՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ և արդեն Կրեմլի ղեկավարի հետ քննարկելու Ուկրաինայում խաղաղություն հաստատելու՝ աֆրիկյան նախաձեռնությունը: