Վերջին օրերին օձերի վերաբերյալ ահազանգերի ակտիվացումը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ: Որպես սողունների ակտիվացմանը նպաստող գործոն՝ մասնագետները նշում են շինարարությունների ոչ գրագետ կազմակերպումը, որի հետևանքով հաճախ տուժում է կենսաբազմազանությունը: Թունավոր օձի խայթոցի դեպքում էլ առաջին գործողությունը բուժհաստատություն դիմելն ու պատվաստանյութ ստանալն է:
Այս տարի Փրկարար ծառայությունը օձերի վերաբերյալ ավելի քան 320 ահազանգ է ստացել, հայտնաբերվել է 158 oձ, 27-ը՝ թունավոր: Միայն Երևանից 140 ահազանգ է ստացվել:
Արսեն Մկրտչյան (ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ) - Կենտրոնում էլ ա եղել. հիմնականում ծայրամասերում ա հանդիպում, բայց Կենտրոնում էլ ա եղել, Նորքի զանգվածներում էլ ենք ունեցել զանգեր. հիմնականում այգիներում, սեփական տների բակերում:
Օձեր նկատելու դեպքերի քանակով երկրորդը Կոտայքն է՝ 53, ապա Արարատը՝ 31 ահազանգ: Հունիսի առաջին տասնօրյակում ամբողջ հանրապետությունից 140 ահազանգ է եղել: Արսեն Մկրտչյանը վերջին օրերին օձերի ակտիվացումը պայմանավորում է ջերմաստիճանի բարձրացմամբ: Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ ուրբանիզացման, շինարարությունների թվի ավելացումն է առանձնացնում:
Սիլվա Ադամյան (բնապահպան) - էն շինարարությունը, որ կատարվում ա քաղաքում, պետք ա շատ մտածված կատարվի: Էն գոտիները, որտեղ ունենք կենսաբազմազանություն, էն գոտիները, որտեղ դեռ մնացել են կանաչ տարածքները, պետք է պահպանվեն, իրականում էդ ամեն ինչը կարծես թե չի արվում:
Ահազանգերով հայտնաբերված սողունների մեծ մասը թունավոր չի եղել։ Թունավոր օձի խայթոցի դեպքում տուժածին անհրաժեշտ է անմիջապես հասցնել մոտակա բուժկենտրոն: Մինչև այդ անհրաժեշտ է նաև առաջին օգնության մի քանի կանոնի հետևել:
Նունե Իսրայելյան (ՆԳՆ բուժապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի ավագ հրահանգիչ) - Ոչ մի դեպքում չի կարելի կտրել վերքը, այրել վերքը, և լարան չի կարելի դնել:
Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո անհրաժեշտ է տուժածին տեղափոխել մոտակա բժշկական կենտրոն՝ հակագյուրզին պատվաստանյութ ստանալու համար։ Բժշկական հաստատությունները յուրաքանչյուր տարի ձեռք են բերում օձի հակաթույն։
Մարինե Հարությունյան (ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ) - Բժշկական հաստատությունները որոշում են պահանջարկը անցյալ տարիների, նախորդ տարիների դեպքերից և ելնելով տարածաշրջանային առանձնահակություններից: Այժմ առկա է մեր երկրում, և ԱՆ-ն յուրաքանչյուր տարի շրջաբերական գրություններով նորից տեղկացնում է ԲԿ-ներին, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն և ձեռք բերեն հակաթույնը:
Առողջապահության նախարարության տվյալով՝ տարեկան 100-120 սրվակ հակագյուրզին է օգտագործվում: Այն քաղաքացիներին տրամադրվում է անվճար:
Հեղինակ՝ Էմիլիա Հոսյան