Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ Հայաստանի Երասխ բնակավայրի քաղաքացիական բնակչության թիրախավորման առնչությամբ։ Երկրի ԱԳՆ-ն կոչ է արել զսպվածություն դրսևորել, ձգտել դեէսկալացիայի և պաշտպանել խաղաղ բնակչությանը:
«Կոչ ենք անում կատարել Լաչինի միջանցքում երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ֆրանսիան պատրաստակամ է նպաստելու խաղաղության վերականգնմանը՝ ի շահ ամբողջ տարածաշրջանի բնակչության»,- ասված է հայտարարության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է, որ հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների հերթական փուլը՝ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ: «Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել քննարկվող մի շարք հարցերի ուղղությամբ, որոնք կարող են կարգավորվել բացառապես բանակցությունների միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հավելել է, որ ապրիլին էլ ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այցելել է Հայաստան և Ադրբեջան՝ նպաստելու կողմերի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքմանը: «Այդ ջանքերն իրականացվում են Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ սերտ գործակցությամբ»,- եզրափակել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
ԲԱՔՈՒՆ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Բաքուն 2023 թվականի հունիսի 23-ից կդադարեցնի վիզաների տրամադրումն Իրանի քաղաքացիներին Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում՝ ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարի հայտարարության մեջ։
Այխան Հաջիզադեի խոսքով՝ Ադրբեջան այցելել ցանկացող Իրանի քաղաքացիները պետք է նախապես վիզա ստանան Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում կամ Ադրբեջանի նախագահին կից՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման պետական գործակալությունում։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՖՐԻԿՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ուկրաինայի նախագահը երեկ ընդունել է խաղաղության առաքելությամբ Կիև մեկնած աֆրիկյան պատվիրակությանը, որի կազմում էին Կոմորյան կղզիների, Հարավաֆրիկյան Հանրապետության, Սենեգալի, Զամբիայի նախագահները, Եգիպտոսի վարչապետը, Կոնգոյի և Ուգանդայի նախագահների ներկայացուցիչները: Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար աֆրիկյան երկրներն առաջարկում են հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ և բոլոր խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, անվտանգության երաշխիքներ տրամադրել երկու երկրին, ապահովել Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի և պարարտանյութերի արտահանումը, մարդասիրական աջակցություն ցուցաբերել տուժածներին, փոխանակել գերիներին, ավելի սերտ գործակցել աֆրիկյան երկրների հետ: Նաև ընդգծվում է, որ պետությունների ինքնիշխանությունը պետք է ապահովվի ըստ ՄԱԿ-ի կանոնադրության:
Աֆրիկյան պատվիրակության հետ հանդիպման շրջանակում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ հակամարտությունը չի կարող սառեցվել: Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկ անգամ կրկնել է՝ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն ուկրաինական տարածքներից: «Միայն դա կարող է դադարեցնել պատերազմը և միայն դրանից հետո մենք պատրաստ կլինենք բանակցել»,- շեշտել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններից հետո այսօր պատվիրակությունը մեկնում է Ռուսաստան՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ և արդեն Կրեմլի ղեկավարի հետ քննարկելու Ուկրաինայում խաղաղություն հաստատելու՝ աֆրիկյան նախաձեռնությունը:
ԽԵՐՍՈՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ
Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունից հետո հեղեղված Խերսոնի շրջանում ջրի մակարդակը շարունակում է նվազել՝ հայտնում է ուկրաինական կողմը։ Սակայն դեռ հեղեղված է մնում Դնեպրի աջ ափին գտնվող 11 և ձախ ափին գտնվող 17 բնակավայր։ Այժմ աղբահանություն և ծառերի հեռացում է իրականացվում:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնել են, որ Խերսոնի շրջանում ջրից մաքրվել է ավելի քան 4 հազար բնակելի տուն և սոցիալական նշանակության 54 օբյեկտ։ Ռուսական կողմի տվյալով՝ տարհանվել է ավելի քան 7,800 մարդ: Հաղորդվում է 40-ից ավելի զոհերի և վիրավորների, ինչպես նաև անհետ կորածների մասին:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄՆ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՌԴ-ՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆՆԵՐԸ
Վաշինգտոնում հունիսի 16-ին կայացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի և ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպաններ Անատոլի Անտոնովի և Լին Թրեյսիի հանդիպումը։ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունից հավելել են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները, կարելի է ասել, դիվանագիտական են, սակայն հազվադեպ են տեղի ունենում: