Այս տարվա մայիսից ԱՄՆ-ը խստացրել է միգրացիոն քաղաքականությունը: Ամերիկահայ փաստաբանները մեր հայրենակիցներին խորհուրդ են տալիս չփորձել անօրինական ճանապարհով՝ Մեքսիկայի սահմանը հատելով, հասնել Միացյալ Նահանգներ: Բարդացել է նաև արդեն ԱՄՆ-ում հայտնվածներին վերաբերող վարչարարությունը: Այսօր ապաստան հայցողների դատական լսումները նախատեսված են մոտ չորս տարուց:
2020 թվականի մարտից մինչև այս տարվա մայիս, կորոնավիրուսի չտարածման նպատակով, Միացյալ Նահանգները փակել էր Մեքսիկայի հետ սահմանը։ Ակնկալվում էր, որ դա փախստականների հոսքը զսպելու լավ միջոց կլինի։ Եղավ հակառակը. վերջին երեք տարիներին ամերիկա-մեքսիկական սահմանին գրանցվել է ապօրինի միգրանտների ռեկորդային թիվ։ Հազարավոր փախստականներ հատում էին սահմանը, ամերիկյան կողմն էլ, կանգնելով փաստի առաջ, ստիպված ընդունում էր նրանց՝ հնարավորություն տալով ապաստան հայցել։ Այս պատմությունները Հայաստան էլ էին հասել ու շատերին ստիպել բոլոր առումներով թանկ գին տալ ապօրինի ճանապարհով Միացյալ Նահանգներ հասնելու համար։
Վերջին տարիներին այս ամենը դարձել էր միլիոնավոր դոլարների շրջանառությամբ հանցավոր բիզնես: Սահմանը ապօրինի անցկացնելու համար մարդկանցից մեծ գումարներ էին գանձվում, իսկ սահմանն անցկացնելու պայմանավորվածությունը շատ հաճախ չէր էլ կատարվում:
Լևոն - «Գալիս ա մի պահ, որ դու Մեքսիկայում ուղղակի որոշ մեքսիկացիների, որ այդ գործով են զբաղվում, «հոգածության» ներքո ես, չգիտես՝ ինչպես քեզ հետ կվարվեն, ինչ քեզ կանեն, դու ուղղակի կուրորեն, հույսդ դնելով Աստծո կամ պատահականության կամ տիեզերքի վրա, կարծում ես, որ, դե, երևի ամեն ինչ լավ կլինի, տեղ կհասցնեն, բայց դա իրոք երևի հարց է։
Արմեն - Կիսաուղիղ ճանապարհ էր, կարող էիր ընկնել, գլուխդ խփել ու մահանալ: Մեքսիկները բարձրացնում էին այս սարը ու ասում էին՝ ձայն մի՛ հանեք, կարող ա կրակեն Ամերիկայի սահմանի կողմից:
Միացյալ Նահանգների սահմանն ապօրինի կերպով հատելու մասին սոցցանցերի տեսանյութերի ազդեցության տակ միջնորդերին տասնյակ հազարավոր դոլարներ վճարած անձանց համար այդ փորձը դարձել է իրական փորձություն, երբեմն՝ ճակատագրական:
Թեհմինա Ավագյան (էմիգրացիոն փաստաբան) - Ամենսարսափելի դեպքը՝ հայ ընտանիք, երեխայի հետ, որոնք Ամերիկա մուտք էին գործել կոյուղու միջով, տասնհինգ ժամ քայլելով երկար ճանապարհ էին անցել, որ մուտք գործեին։ Դա անձի հոգեբանության վրա էլ է ազդում: Հատկապես երեխաներն ու կանայք ավելի շատ հոգեբանի կարիք են ունենում, քան փաստաբանի։
Փաստաբան Միլենա Մայիլյանի խոսքով՝ շատերը սահմանն ապօրինի հատելու իրական պայմանների մասին պարզապես տեղեկացված չեն:
Միլենա Մայիլյան (էմիգրացիոն փաստաբան) - Ուղղակի անպատկերացնելի պայմաններ են, մանավանդ շատերը փոքր երեխաների հետ են գալիս: Բոլորը ասում են՝ եթե իմանայինք ավելի մանրամասներ, հաստատ նման ճանապարհներով, մանավանդ երեխաների հետ, ճանապարհ չէինք ընկնի։
Մայիսին համավարակի շրջանի միգրացիոն սահմանափակումները Բայդենի վարչակազմը փոխարինեց միգրացիոն խնդրի կարգավորման փորձնական նոր ծրագրով, որն, ըստ որոշ գնահատականների, շատ ավելի խիստ է։ Ամերիկահայ փաստաբանները զգուշացնում են՝ ապօրինի եղանակով Միացյալ Նահանգներ մուտք գործելու հետևանքներն այսուհետ ծանր են լինելու։
Նոր կարգավորումների համաձայն՝ Մեքսիկայի սահմանով Միացյալ Նահանգներ մուտք գործել ցանկացողների համար ստեղծվել է հեռախոսային հավելված, որի միջոցով մարդիկ կարող են հերթագրվել սահմանն օրինական հատելու համար։ Ինչ վերաբերում է այն անձանց, որոնք ցանկանում են Միացյալ Նահանգներում ապաստան հայցել, ապա, նոր կանոնների համաձայն, տվյալ անձը պետք է ապացուցի, որ մինչ այդ ապաստան ստանալու համար արդեն դիմել է որևէ երկրի և մերժում է ստացել:
Նոր կարգն արդեն իսկ նոր բարդություններ է առաջացրել։ Դիմողների թիվն այնքան մեծ է, որ մարդիկ մեքսիկական կողմում՝ անմարդկային պայմաններում, շաբաթներով սպասում են հեռախոսային հավելվածով գրանցվելու համար։
Իսկ հանցավոր սխեմայի մաս կազմող միջնորդները շարունակում են խաբեությամբ գումարներ աշխատել՝ նոր սահմանափակումներից անտեղյակ մարդկանց խոստանալով Միացյալ Նահանգներ հասցնել։
Թեհմինա Ավագյան - Այն պատկերը, որը նրանք ներկայացնում են հաճախորդներին, չի համապատասխանում իրականությանը, շատ դեպքում արվում է միտումնավոր՝ մարդկանց մոլորեցնելու և նրանց խաբկանքի միջոցով գայթակղելու և այդ ճանապարհով գումար աշխատելու համար: Որովհետև իրականում ճանապարհը շատ դժվար է, իրականում մարդիկ գալիս են, ամիսներ շարունակ բանտարկվում և դեպորտացիա արվում:
Ամերիկահայ փաստաբանների խոսքով՝ ապօրինի ինչ-ինչ եղանակով Միացյալ Նահանգներում հայտնված անձանց համար ևս նոր խնդիրներ են առաջացել:
Միլենա Մայիլյան - Սկսվել են բարդացումները, օրինակ՝ վարորդական իրավունքի և շատ այլ փաստաթղթեր ձեռք բերելու համար մոտ մեկ-երկու տարի պետք է, դատական համակարգն էլ կաթվածահար է կարծես թե լինում. նոր դատավորներ են նշանակում, բայց չեն հասցնում։
Ապաստան հայցելու դատական լսումների նշանակումները հասնում են արդեն 2027 թվական։
Որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ երրորդ երկրներից Մեքսիկայի տարածքով անօրինական միգրացիան անհանգստացնող ծավալների է հասել: Բայդենի վարչակազմը տարեվերջին նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է լուծումներ գտնել, որպեսզի այս հարցը նախընտրական պայքարի ընթացքում հանրապետական մրցակիցների կողմից չօգտագործվի իր դեմ: