ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնագիտական խմբին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման միջոցով ՀՀ քննչական կոմիտեի գործառույթների արդյունավետության բարձրացման և հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, դրանց ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։
Արսեն Այվազյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեն՝ որպես ՀՀ-ում նախաքննություն իրականացնող ամենամեծ մարմին, մեծապես կարևորում է նախաքննության ընթացքում թվային գործիքների ներդրման գործընթացը և շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին այս ոլորտում ցուցաբերած աջակցության համար:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ՀԲ մասնագետներին մանրամասն ներկայացրել է նախաքննության թվայնացման, քրեական վարույթներով առավել արդյունավետ քննությունների համար նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված՝ օրենսդրական բարեփոխումները և Համաշխարհային բանկի աջակցությամբ մինչ այժմ դրանց կենսագործման ուղղությամբ կատարված աշխատանքները։
ՀԲ մասնագիտական խմբի անդամները նշել են, որ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակելու համագործակցությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում՝ նպաստելով կառավարման տարբեր ոլորտներում թվային տեխնոլոգիաների զարգացման միջոցով հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։