ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է
Վրաստանի հետ սահմանին ռուսական Վերին Լարսի անցակետն ընդլայնվել է: Տրանսպորտային միջոցները կսպասարկվեն 39 գոտիով, 15-ը նախատեսված են բեռնատարների համար: Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայից։
Անցակետի ռուսական կողմում կառուցվել է 20 նոր շենք և շինություն, տեղադրվել է շուրջ 450 հազար տոննա մետաղական կոնստրուկցիա, ասֆալտապատվել է բավական մեծ տարածք: Ըստ հաղորդագրության՝ անցակետի թողունակությունը մեծացնելու նպատակով և սուղ պայմանները հաշվի առնելով՝ կիրառվել է երթևեկության գոտիների և անձնագրային հսկողության խցիկների հատուկ դասավորություն։
Անցակետի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի կարգադրությամբ։ Հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ նոր նախաձեռնության շնորհիվ հնարավոր կլինի վերացնել խցանումները և ապահովել բեռնատարների նորմատիվ անցումը:
Վրացական կողմը ևս մայիսից իր տարածքում սկսել է վերակառուցման աշխատանքներ:
ՄՇՏԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆՔ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՀԵՏ. ՕՎԵՐՉՈՒԿ
Մոսկվան Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով գրեթե ամեն օր կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, երկխոսության հարթակ է ապահովում Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համար: Ես երբեք չեմ պատասխանում հարցին՝ կոնկրետ երբ տեղի կունենա ապաշրջափակումը: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերը համաձայնության գան»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նաև տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ մի շարք հարցեր է քննարկել, որոնք Մոսկվայում եռակողմ հանդիպումից հետո չլուծված էին մնացել։
ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով: Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել աշխատել միասին` մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար»,- նշել է նա:
Պաշտոնական Վաշինգտոնը վերահաստատել է գնահատականը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է: «Սպասում ենք կողմերի հանդիպմանը` նոր առաջընթացի համար»,- նշել է Միլլերը:
ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԼՈՒՐԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ռուսաստանը հուսահատ պայքար է մղում ուկրաինական լայնածավալ հակահարձակման դեմ՝ NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
«Մեր զորքերն առաջնագծում բախվում են շատ համառ դիմադրության: Քանի որ այս ճակատամարտում պարտությունը Ռուսաստանի համար կնշանակի պարտություն պատերազմում»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ մշտապես կապի մեջ է զինվորականների հետ, և ռազմաճակատից ստացվող լուրերը, ընդհանուր առմամբ, դրական են:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԻԼ ԳԵՅԹՍԻՆ
Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին։ Չինական լրատվամիջոցները գրում են, որ սա վերջին մի քանի տարվա ընթացքում չինացի առաջնորդի առաջին հանդիպումն է օտարերկրյա գործարարի հետ։ ԶԼՄ-ների տվյալով՝ Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել Գեյթսին աշխարհում աղքատության դեմ պայքարելու և բարեգործական նախաձեռնությունների համար։
Գեյթսն էլ Չինաստան այցի շրջանակում հայտարարել է, որ աշխարհը բախվել է մի շարք հումանիտար մարտահրավերների, հույս հայտնել, որ Չինաստանը կօգնի հատկապես աֆրիկյան երկրների բնակիչներին ապրել ավելի բարեկեցիկ կյանքով: Լրատվականների տվյալով՝ Գեյթսը Չինաստանում է՝ գործակցելու տեղական առողջապահական կառույցների հետ: