Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Նրան ընդունել է Իլհամ Ալիևը։ Հանդիպումից հետո պաշտոնյաները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։
«Ադրբեջանցի ժողովուրդը շատ լավ գիտի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան և Պակիստանն էին, որ մեզ վճռական աջակցություն ցուցաբերեցին»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարել է. «Ադրբեջանը ոչ թե դիվանագիտության, այլ ռազմական հզորության շնորհիվ է վերականգնել տարածքային ամբողջականությունը, քանի որ 30 տարվա բանակցությունները որևէ արդյունք չէին տալիս»։
Նա նաև տեղեկացրել է, որ Պակիստանի վարչապետի հետ քննարկել է առևտրի, ներդրումների, էներգետիկ և ռազմաարդյունաբերական ոլորտներում գործակցության և համատեղ նոր զորավարժություններ անցկացնելու հնարավորությունները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։
Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել և աջակցելու է Պակիստանին Քաշմիրի հարցում։
Պակիստանի վարչապետն էլ նշել է, որ նախատեսում է ընդլայնել գործակցությունը Ադրբեջանի հետ հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչը, նրա խոսքով, ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
Թուրքիան Ադրբեջանի, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության և Կատարի զինված ուժերի մասնակցությամբ միջազգային զորավարժություններ է անցկացրել: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ մշակվել են պաշտպանության, մարտական գոտուց վիրավորների տարհանման, ինքնաթիռների և ԱԹՍ-ների գործարկման սցենարներ: Զորավարժություններում առաջին անգամ օգտագործվել են T70 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռները և Կատարի ռազմաօդային ուժերի Apache ուղղաթիռները։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԵՐԿՐԻ ԱԳՆ
Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ժան-Դանիել Ռուխը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ Ցյուրիխում Ռեջեփ Էրդողանի դեմ տեղի ունեցած ակցիայի պատճառով: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Նշվում է, որ ակցիայի մասնակիցները Էրդողանի դեմ կարգախոսով պաստառ են պարզել և այրել Թուրքիայի պետական դրոշը:
«Դեսպանը տեղեկացվել է, որ Թուրքիայի նախագահի դեմ այս հարձակումն անընդունելի է, և այլևս նման բան չպետք է թույլ տալ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Մի քանի ամիս առաջ նմանատիպ մեկ դեպք էր գրանցվել նաև Շվեդիայում: Հակաթուրքական ակցիայի մասնակիցները Էրդողանի արտաքինով գլխիվայր շրջված խրտվիլակ էին կախել, ինչը երկու երկրի հարաբերություններում լուրջ ճգնաժամի պատճառ դարձավ։
ՌԱՖԱՅԵԼ ԳՐՈՍԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մեկնել է ռուսական վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ԱԷԿ՝ ստուգելու Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո ատոմակայանում անվտանգության վիճակը: Նա տեղեկացրել է, որ մի շարք միջոցներ են ձեռնարկվել կայանում իրավիճակը կայունացնելու համար:
Ավելի վաղ՝ Գրոսսին հայտարարել էր, որ մտադիր է ավելացնել ատոմային օբյեկտում տեղակայված դիտորդների թիվը: Փորձագետները մտահոգություն են հայտնում, որ ամբարտակի պայթեցումից հետո Զապորոժիեի ատոմակայանում կարող է աղետալի վիճակ ստեղծվել, քանի որ հովացման համար անհրաժեշտ ջուրը կայանը ստանում է Կախովկայի ջրամբարից: